Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան (առայժմ) չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել: Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում եւ չէին կարող իրենց դրսեւորել որպես կատարելության մարմնավորումներ:
Նույնը Հայաստանում է: Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի՝ մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք եւ այլն, առաջին հերթին կասկած է առաջանում՝ իսկ կարո՞ղ է արդյոք ընդհանրապես քաղաքական գործիչը եւ առավել եւս՝ իշխանավորը այդպիսին լինել: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց եթե նույնիսկ այդ՝ փոքր-ինչ ծայրահեղ դեպքը չվերցնենք, ապա նրանք, ովքեր արդեն 25 տարի մեր քաղաքական կյանքի ասպարեզում են, չեն ուզում ընդունել ամենակարեւորը. նրանք բոլորը, անձնական մեծ տարբերություններ ունենալով, միեւնույն մշակույթի, միեւնույն քաղաքական ոճի, միեւնույն մտածելակերպի կրողներ են:
Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին հանձնելուն՝ Հայաստանի երկրորդ նախագահը գրում է. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է՝ երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով»: Միանգամայն ճիշտ գնահատական է: Սակայն որպեսզի այն կատարելապես օբյեկտիվ լինի, պետք է ավելացնել միայն մի բառ՝ «հերթական»: Այսինքն՝ ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք սրտի, վերջինը: Առաջին անգամ խորհրդարանն ինքնավարկաբեկվեց 96 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ չխորանալով այն խնդրի մեջ, թե ով էր իրականում նախորդ օրը կազմակերպել ԱԺ-ի գրոհը եւ խորհրդարանի ղեկավարների ծեծը, անձեռնմխելիությունից զրկեց բոլոր ընդդիմադիրներին՝ շատերին նախապես ծեծելով: Ինքնավարկաբեկման երկրորդ արարն այն ժամանակ էր, երբ մեկ վկայի ցուցմունքով անձեռնմխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Այնուհետեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանը հանձնեց չորս ընդդիմադիր պատգամավորներին՝ իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդ որում, վերջին երկու դեպքում միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս երկու դեպքերում պարոն Հովսեփյանը գործում էր որպես օրենքի ջատագով եւ պրոֆեսիոնալ: Ուրեմն, ի՞նչ հիմքեր ունի նա մտածելու, որ Օսկանյանի դեպքում գլխավոր դատախազը խորհրդարան շինծու գործ է բերել:
Ասածս վերաբերում է, բնականաբար, ոչ միայն երկրորդ նախագահին, այլեւ բոլոր կուսակցականներին, որոնք իրենց քաղաքական ընդդիմախոսներին հաճույքով զրկում են անձեռնմխելիությունից, իսկ երբ գործն իրենց թիմին է հասնում, բողոքում են քաղաքական պատվերից:
Կարդացեք նաև
Բիձինա Հայաստանում չկա եւ մոտ ապագայում չի երեւալու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ