Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ջայլամի գործն ինչպե՞ս է ընթանում, ինչո՞ւ չի կատարում իր նախընտրական խոստումը: Հիշեցնենք, որ նա խոստացել էր վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում՝ Աշոցքում եւ Ամասիայում ջայլամի գործ դնել: Պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Հիմա ծրագրի կազմման փուլում են: Մինչեւ գալող տարվա սկզբին այդ գործը կսկսենք»: Մենք ճշտեցինք՝ այսինքն չեք մոռացել Ձեր խոստումը՝ պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Դա բիզնես է, ո՞նց կարելի է դա մոռանալ: Ինչի՞ մոռանամ»:
Մեր դիտարկմանը, որ իր այդ նախընտրական խոստումը բուռն քննարկումների տեղիք էր տվել ու անհամբեր սպասում ենք դրա իրականացմանը՝ պարոն Աղաբաբյանը նշեց. «Խնդիրը նա է, որ ջայլամի գենետիկան ինքը մինչեւ 40 աստիճան ե՛ւ ցրտին, ե՛ւ դրանից ավելի շոգին դիմանում է: Ինչի՞ չէ, որ»:
Մեր հարցին՝ ավելի լավ է ջայլամ պահել, քան խոշոր եղջերավորնե՞ր՝ պատգամավորը վստահեցրեց, որ այո. «Իհարկե, որովհետեւ ինքը համարյա նույն կշռին է, երկու տարում հասնում է մինչեւ 200 կգ-ի եւ առավել եւս տարին ոչ թե մի անգամ է ձագ տալիս, այլ՝ 120: Բնականաբար, լավ բիզնես է»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ մեր կառավարությունը ինչո՞ւ մինչեւ այս դրա մասին չի մտածել, առաջին անգամ Դուք բարձրաձայնեցիք այդ բիզնեսի մասին՝ Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց. «Չէ, մենք ընկեր ունենք, որ հենց հիմա 300 հատից ավելի պահում է Եղվարդի շրջանում: Մոտ 100 ընտանիք ունի, իսկ մի ընտանիքում երկու էգ են, մեկ որձ: Այսինքն՝ փորձը կա, դրա հիման վրա ենք անելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ