Այսօր «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով Օսկանյանի գործի հիմքում ի՞նչն է ընկած՝ ՀՀԿ-ԲՀԿ ինչ-ինչ պայմանավորվածություններ, թե՞ իսկապես ՀՀԿ-ն՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելու համար Օսկանյանի միջոցով պատժում է ԲՀԿ-ին:
Պարոն Սաֆարյանն ասաց. «Նախկին ԱԳ նախարարի գործի իրավական ասպեկտները մի կողմ թողնելով, որոնք անգամ ինքը՝ Օսկանյանը, չկարողացավ ամբողջովին հերքել ԱԺ-ում, մնացած ամեն ինչը՝ այդ գործի ողջ խաղարկումը քաղաքականացված է, եւ այս կտրվածքով ուղղակի Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածուների շարքից հանեց մեկին, ով առաջիկա ընտրություններում ֆավորիտներից մեկն էր համարվում, եւ կարող էր մնացած թեկնածուների ֆոնին արգումենտացիայի առումով ավելի նախտընտրելի լինել: Ինչպես նաեւ փաստացիորեն Սերժ Սարգսյանը նրան այս վիճակի մեջ բերելով՝ ցույց տվեց իր ուժը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Ես կարծում եմ, որ Ազգային Ժողովում քվեարկության արդյունքները եւ հենց ինքը՝ քվեարկությունը, նախեւառաջ դրա մասին էր: Եվ վերջապես, այս քայլով Սերժ Սարգսյանը բարդ վիճակի մեջ դրեց Գագիկ Ծառուկյանին՝ կողմնորոշվելու թեկնածության առաջադրման հարցում, ինչպես նաեւ կարողացավ մի փոքր լարվածություն մտցնել Ծառուկյան-Քոչարյան հարաբերություններում»:
Մեր ճշգրտող հարցին՝ այսինքն, ելնելով ձեր ասածներից, ենթադրվում է, որ Դուք չե՞ք համարում, թե այս պատմությունը ՀՀԿ-ԲՀԿ ներքին պայմանավորվածություն էր, խաղ էր, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել. ոչ կարող եմ պնդել, ոչ կարող եմ հերքել նման բանի հնարավորությունը: Բայց մի բան ակնհայտ է, որ Օսկանյանն արրդեն շատ լուրջ խնդիրներ էր հարուցել ԲՀԿ-ի համար, գլխացավանք էր դարձել: Եվ այս առումով, թե էլ ում շահերից էր բխում, որ նա դուրս բերվի նախագահացուների ցուցակից, չեմ կարող ասել: Անշուշտ, կան որոշ շահեր, եւ չգիտեմ՝ բոլորը միասին, պայմանավորվա՞ծ նրան հանեցին դաշտից, թե՞ Սերժ Սարգսյանը մենակ արեց»:
Կարդացեք նաև
Հիշեցնելով պարոն Սաֆարյանին, որ երեկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք էր հայտնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն Գագիկ Ծառուկյանը կլինի, հետաքրքրվեցինք, թե ըստ նրա՝ ինչպիսի՞ն է այդ հեռանկարի հնարավորությունը: «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց. «Գագիկ Ծառուկյանի առաջադրման հավանականությունն ավելի մեծ է, քան որեւէ այլ թեկնածուի առաջադրումը»: Այսինքն, ամեն դեպքում, կարծում եք, որ ԲՀԿ-ն իր սեփական թեկնածուո՞վ կգնա ընտրությունների՝ մեր այս հարցին էլ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ