Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Էդուարդ Նալբանդյանին. « Էդ ինչի՞դ վրա ես մերսեդեսավորվել՝ ժողովուրդը կասեր»

Հոկտեմբեր 04,2012 12:55

Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բյուջեի կատարողականի քննարկմանը՝ հիշեց մի անեկդոտ «Մի մարդ Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում: Մոտենում է մի ոստիկան ու հարցնում՝ ի՞նչ ես անում: Մարդը պատասխանում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ո՞ւր է այստեղ կոկորդիլոս: Քշում եմ՝ դրա համար էլ չկա»: Պարոն Փաշինյանին սա հիշեցրել էր բնակչության Հիգիենիկ եւ համահամաճարակային տեսչության կատարողականի տեքստը, ըստ որի՝ մեր երկրում չեն արձանագրվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են մալարիան, բծավոր տիֆը, խոլերան եւ այլն: Կառավարության ջանքերի արդյունքում է սա արձանագրել. «Բայց այս երրորդ աշխարհի երկրներին է հատուկ եւ ակնկալվում է, որ բնակչությունը պետք է կառավարությանը դրա համար շնորհակալություն հայտնի: Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչ թե վերլուծության է ենթարկել երկրում առկա վիճակը, այլ փորձել է վիրտուալ հաջողությունների շարան ներկայացնել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարությունը հիվանդի վիճակի մասին ներկայացնում է, թե հիվանդի եղունգները աճում են նորմալ, գլխին ոջիլ չկա: Այս տվյալները գուցե ճիշտ են, բայց չեն արտահայտում հիվանդի օբյեկտիվ վիճակը. «Կատարողականում գրված է, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը սկսվելու է ոչ ուշ, քան 2012-ի հունիսի 15-ին: Այսօր հոկտեմբերի 4-ն է եւ շինարարությունը չի սկսվել: Պատասխանում են, որ չի սկսվել Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: Սա առնվազն զավեշտալի է: 2011-ի բյուջեի կատարողականի համատեսքտում չեմ կարող չհամաձայնել ԲՀԿ ներկայացուցչի գնահատականին՝ սա տապալված կառավարություն է: Այն տապալել է ՀՀ տնտեսությունը 5 տարի շարունակ»:

ՀԱԿ պատգամավորի հաջորդ դիտարկումը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին էր. «Մենք տեսանք, թե կառավարության եւ նրա հենարան հանդիսացող խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ինչպիսի հակազդեցությամբ հանդես եկան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ: Արտգործնախարարի տեղակալն իմ հարցին ի պատասխան ասաց, որ 2011-ին բյուջեից Հունգարիայի հյուպատոսարանի համար միջոցներ չեն ծախսել, սա նշանակում է, որ Հայաստանը Հունգարիայում դեսպան չի ունեցել նաեւ դե յուրե: Եթե համադրում ենք այս տվյալները, ստացվում է, որ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու հաշվով ինտենսիվ բանակցությւոններ են վարվել հենց այն ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դեսպան ունենալ Հունգարիայում: Ոչ մի տարօրինակ բան չկա, պարոնայք, դուք չեք կատարել ձեր գործը»:

Անդրադառնալով արտգործնախարարին ու նրա «Մերսեդեսին»՝ պարոն Փաշինյանը նշեց. «Էդ ինչի՞դ վրա ես մերսեդեսավորվել՝ ժողովուրդը կասեր»: Նա այսօր էլ պնդեց, որ անհայտ գերմանացուց նվեր ստանալը տարօրինակ է եւ որ Մերսեդեսի արժեքը 100 հազար եվրո է՝ չնայած նախարարը հերքել էր դա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031