Նախորդ օրն ուշ երեկոյան հունական Ռոդոս կղզում իր աշխատանքը սկսեց «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային 10-րդ հոբելյանական ֆորումը, որին մասնակցում են 64 երկրներից ավելի քան 600 քաղաքական, տնտեսական, հասարակական եւ հոգեւոր գործիչներ: Այն նպատակ ունի կառուցողական երկխոսության սեղանի շուրջ նստեցնելով մարդկությանը`փրկել եւ պահպանել մինչ օրս ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները` փոխանցելով դրանք եկող սերնդներին:
Ֆորումի համակարգող խորհրդի առանցքային անդամ, «Ռուսական երկաթուղիներ»ընկերության սեփականատեր Վլադիմիր Յակունինն իր խոսքում նկատեց, որ տասը տարի առաջ, երբ փորձ էր արվում ստեղծել քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսություն՝ գաղափարի հեղինակներին ռոմանտիկներ եւ իրական կյանքից հեռու մարդիկ էին անվանում: Մինչդեռ այսօր արդեն, քաղաքակրթությունների երկխոսությունը կայացած, կայացող փաստ է. «Փոխադարձ հարգանքը, վստահությունը, համագործակցությունը համաշխարհային օրակարգի հիմնական մասն են: Անցած տասը տարիների ընթացքում մենք համատեղ հետեւեցինք տեղի ունեցող փոփոխություններին, որոնք, ցավոք, դրական չէին: Այսօր մենք ականատեսն ենք այն իրողության, թե ի՞նչ բացատրություններ են տրվում հերթական ճգնաժամին` գործնականում միեւնույն հաբերի դուրսգրմամբ, անկախ նրանից, թե որ քաղաքակրթությանը կամ որ պետությանն են ուղղված այդ խորհուրդները: Խոսակցությունները շատ են, բայց իրական քայլերը, որոնք կբավարարեին շատերին, քիչ են: Խնդիրն այն է, որ ինչպես տասնամյա քննարկումներում ենք հանգել, ճգնաժամը ոչ թե տնտեսական է կամ անգամ ֆինանսատնտեսական, այլ մարդկության բարոյական արժեքների, ինտելեկտուալ հիմքերի անկման»:
Բանախոսը հիշեցրեց, որ ռոդոսյան համաժողովի մասնակիցները քանիցս են ահազանգել` խնդիրների լուծման բանալին պետք է փնտրել մարդու անհատականության մեջ, այն արժեքների, որոնք ձեւավորվել եւ ուղեկցել են մարդկությանն իր ողջ պատմության ընթացքում: Յակունինը գտնում է, որ այսօր ավելի շատ մարդ է իր ձայնը բարձրացնում` ընդդեմ այն պատերազմի, որը կարող է սկսվել:
Ամեն դեպքում`«մենք լավատես ենք եւ լավատեսորեն ենք նայում կյանքին»,- եզրափակեց բանախոսը` հիշեցնելով, որ Հռոմը բարբարոսների ձեռքով քանդվեց ու կոչ արեց` թույլ չտալ բարբարոսներին` ոչնչացնել քաղաքակրթությունը. «Պահպանեք կյանքը հանուն կյանքի եւ այն սերնդի, որը գալիս է մեզնից հետո»:
Համաժողովի մասնակիցներին Կալդեմար ամրոցի մուտքի մոտ դիմավորում էին միջնադարյան հանդերձանքով զինվորականներ եւ քաղաքացիներ` ուղեկցելով ամրոց, որտեղ էլ կայացավ բացման պաշտոնական արարողությունը:
Ֆորումի աշխատանքները ողջունեցին Հունաստանի զարգացման նախարար Կոստիս Խադերակիսը, ով նաեւ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի բարեմաղթանքներն էր բերել, Ռոդոսի քաղաքապետը եւ տեղի հոգեւոր առաջնորդի տնտեսական հարցերով օգնական-խորհրդատուն: Նախարարը չափազանց գնահատելի է համարում, որ արդեն տասներորդ տարին հավաքվում են պետական եւ հասարակական կարեւորագույն այրեր` քննարկելու համամարդկային խնդիրները եւ դրանց լուծման սեփական տարբերակները ձեւավորելու:
«Ազգերի եւ մշակույթների միջեւ այստեղ իսկական երկխոսություն է ընթանում եւ չափազանց կարեւոր է, որ այդ երկխոսության խողովակները բաց մնան»,- ասաց Կոստիս Խադերակիսը` ընդգծելով, որ երկխոսության արդյունքում ծնվող եւ ծնվելիք մտքերի կարիքն իր երկիրը հատկապես ունի:
Տեղի հոգեւոր առաջնորդի խորհրդատուն այս երկխոսությունը կարեւորեց, որովհետեւ, նրա դիտարկումներով, ժամանակակից աշխարհում կրոնական հանդուրժողականության պակաս է նկատվում, ավելին՝ կրոնական հողի վրա բախումներն են շատացել: Առկա էթնիկ եւ կրոնական հիմք ունեցող խնդիրները լուծելու համար, հոգեւորականը կոչ արեց հենց քաղաքակիրթ երկխոսության տարբերակներ գտնել, ոչ թե զենքի օգնությանը դիմել: Նա տեղեկացրեց, որ վերջերս տեղի ունեցած բարձրաստիճան հոգեւորականների մի հավաքում որոշում է կայացվել՝ երկխոսություն կազմակերպել կրոնների միջեւ, ինչը, հոգեւոր այրերի կարծիքով էականորեն կնպաստի ներկայիս համաշխարհային ռազմական զարգացումների տենդենցի զսպմանը: Այս մասին անգամ կոմյունիկե է ընդունվել, որում հստակ գրված է, որ որեւէ պարագայում կրոնական տարրաձայնությունները չպետք է դառնան պատերազմի առիթ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռոդոս