Հարց է ծագում, Ջոն Հանթսմանը՝ մորմոնական աղանդի առաջնորդներից մեկը, Վարդան Օսկանյանին սիրուն աչքերի համա՞ր է տվել այդ գումարը։ Ու ընդհանրապես, մի՞թե տարօրինակ կամ կասկածելի չէ, որ 10 տարի շարունակ երկրի կարեւոր պետական կառույցներից մեկը ղեկավարած մարդուն մի օտարերկրյա աղանդի ներկայացուցիչ նման խոշոր նվիրատվություն է անում։ Մի՞թե հենց պետական անվտանգության տեսանկյունից դա խնդիր չէ։
Աստծո սիրույն, պետք չէ բարեգործության շուրջ առասպելներ շշնջալ։ Եթե Ջ.Հանթսմանը ցանկանում էր Հայաստանում ունեցած իր ձեռնարկության վաճառքից գոյացած հասույթը բարեգործության տրամադրել, ապա ինչո՞ւ, օրինակ, նշված միլիոնները չհատկացրեց մանկատների կամ ծերանոցների։ Անընդհատ ասվում է, որ տրվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործության համար։ Ի՞նչ կարգի բարեգործության, ո՞րն է այդ բարեգործությունը։
«Սիվիլիթաս» հիմնադրամը մինչ այժմ, ի դեպ, գերազանցապես աչքի է ընկել տեղեկատվական, քարոզչական բնույթի գործունեությամբ։ Ենթադրելի՞ է, ասենք, որ նշված գումարի նվիրատուն կարող էր ակնկալել իրեն կամ իր ներկայացրած կրոնական կազմակերպությանը ձեռնտու գաղափարների նպատակաուղղված շրջանառություն, այսպես ասած՝ տեղեկատվական-քարոզչական աջակցություն, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։
Շատերն այս օրերին, վկայակոչելով Վարդան Օսկանյանի մարդկային արժանիքները, նշում են, որ նա արդարամիտ, ազնիվ անձնավորություն է, կիրթ մարդ է եւ այսպես շարունակ։ Չենք վիճում։ Բայց, այդ ամենով հանդերձ ու առավե՛լ եւս, Վարդան Օսկանյանը պետք է գիտակցեր, թե ումի՛ց ինչ է վերցնում։ Մի՞թե իր բազմամյա քաղաքական փորձառությունը իրեն բացարձակապես ոչինչ չէր հուշում։
Լավ, իսկ եթե վաղը, մյուս օրը, ասենք, «Եհովայի վկաներ» աղանդը ինչ-որ գումար նվիրաբերի «Սիվիլիթասին» կամ անձամբ հենց Վարդան Օսկանյանին, նա, ի՞նչ է, էլի սիրահոժար կվերցնի։
Ի դեպ, երբ որեւէ երկրում որեւէ նախկին բարձրաստիճան պաշտոնյա նման «նվիրատվություններ» է ստանում, անխուսափելի են խոսակցությունները, որ այդպիսով նա վարձատրվում է պաշտոնավարման շրջանում մատուցած ինչ-ինչ ծառայությունների դիմաց։ Ու խոսում են կոռուպցիայի մասին։
Հարց. իսկ հնարավո՞ր է, որ նախկին ԱԳ նախարարը իր պաշտոնավարման շրջանում, այսպես ասած, «տանիքի» ծառայություններ է մատուցել Հայաստանում պարոն Հանթսմանի ծավալած տնտեսական գործունեության համար։ Որոշ երկրներում դրան լոբբինգ են ասում, բայց Հայաստանի պայմաններում ավելի ճիշտ է հենց «տանիք» ձեւակերպումը։
Վերստին նշենք. անկախ նրանից, թե հետագայում զուտ քրեաիրավական առումով ինչեր կհաստատվեն կամ կհերքվեն, հենց միայն այն փաստը, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան վերցրել է մորմոնական աղանդի ազդեցիկ ներկայացուցչի տրամադրած միլիոնավոր դոլարները, արդեն իսկ խայտառակություն է։
Մեկ այլ հանգամանք։ Խորհրդարանում գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ընթացքում, երբ ՀԱԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը նաեւ «մարտի 1»-ի վերաբերյալ հարցեր ուղղեց Վարդան Օսկանյանին, վերջինս ոչ ավել, ոչ պակաս առաջարկեց առանձին, իր աշխատասենյակում զրուցել այդ թեմայով, ըստ որում, հարցի հեղինակին դիմելով՝ «Նիկոլ ջան»։
Չէ, մենք դեմ չենք, որ պատգամավորները, քաղաքական գործիչները, տարբեր ճամբարներում գտնվողները միմյանց հետ խոսելիս «ջան ասեն, ջան լսեն», բայց սա ակնհայտորեն այդ դեպքը չէր։ Նախ, եթե Ն.Փաշինյանը «Նիկոլ ջան» էր Վարդան Օսկանյանի համար, ապա ինչո՞ւ ավելի վաղ հանդես չէր գալիս ի պաշտպանություն նույն անձնավորության, ասենք, երբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված կամ երբ բանտարկված էր։ Կամ մի՞թե «մարտի 1»-ը այն թեման է, որը Վարդան Օսկանյանը սենյակում ու առանձին պիտի քննարկի նույն մարտի 1-ին որոշակի դերակատարում ունեցած Նիկոլ Փաշինյանի հետ։
Ի դեպ, հատկանշական էր, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես հակադարձեց Վարդան Օսկանյանի նշված առաջարկին ու «Նիկոլ ջան»-ին։ Նա ուղղակի հայտարարեց, որ այդ հարցի շուրջ ոչ թե աշխատասենյակներում կխոսի Վ.Օսկանյանի հետ, այլ դատարանում կամ դատախազությունում, ըստ որում, երբ վերջինս կլինի մեղադրյալի կարգավիճակում։
Ինչպես ասվում է՝ «տե՛ղն էր»։
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
«Հայոց աշխարհ»