Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած սահմանման մասին. «Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»

Հոկտեմբեր 04,2012 11:59

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի

Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Այնուհետև Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկրներին խնդրեց սահմանումը կիրառել իրավական ձևակերպումներում: Նշենք, որ զեկույցի հեղինակը Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ  Քրիստոֆ Շտրասսերն է, իսկ տերմինի սահմանման վրա աշխատել են ԵԽ քարտուղարության անկախ փորձագետներ: Քրիստոֆ Շտրասսերն իր ելույթում ասաց, որ այս խնդրին անդրադառնալու առիթը դարձան Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ մի քանի բանաձեւերում գործածված սահմանումները: Նաեւ լեհ, նորվեգացի, բրիտանացի պատվիրակներն իրենց ելույթներում նշեցին, թե այս խնդիրն արդիական է դարձել ԵԽ-ին Ադրբեջանի եւ Հայաստանի անդամակցությունից հետո:

ԵԽԽՎ-ն տվել է քաղաքական բանտարկյալ տերմինի հետևյալ սահմանումը. «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել այն մարդուն, ում ազատությունից զրկելու ընթացքում.

ա) խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքներից մեկը՝ մտքի, խղճի, դավանանքի, ազատ արտահայտվելու, տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև հավաքների և միությունների անդամակցելու ազատությունը:

Համաձայն սահմանման բ) կետի՝ քաղբանտարկյալ է այն անձը, ում ազատությունից զրկել են ակնհայտ քաղաքական դրդապատճառներով, երբ բացակայում է որևէ իրավախախտում, անձին կալանքի տակ պահելու ժամկետը դուրս է սահմանված ժամկետներից, երբ նա կալանքի տակ գտնվելու ընթացքում արժանանում է խտրական վերաբերմունքի, երբ կալանքը անարդար վարույթների արդյունք է, որոնք պայմանավորված են անձի քաղաքական հայացքներով»:

Վեհաժողովը հավելում է, որ այն անձինք, ովքեր ազատազրկվել են հանցանք կատարելու համար, նրանք չեն համարվում քաղբանտարկյալ, քանի որ ազատազրկվել են համապատասխան տվյալ երկրի օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

Սահմանման ընդունումից հետո Վեհաժողովը կոչ է արել անդամ երկրներին վերանայել այն գործերը, որտեղ խոսվում է քաղբանտարկյալի մասին՝ համապատասխան սահմանման:

Aravot.am-ը իրավապաշտպան, «Ւրավունքի և ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԵԽԽՎ-ի ընդունած սահմանումից հետո ՀՀ-ում իրավիճակը կփոխվի՞, և ըստ այդ սահմանման մեր երկրում կան քաղբանտարկյալներ: Նա պատասխանեց. «Եթե ԵԽԽՎ-ն հետևողական լինի, ինչը չեմ կարող իրենց դեպքում ասել, քանի որ ժամանակ առ ժամանակ, ելնելով քաղաքական իրավիճակներից, փոխում են իրենց դիրքորոշումները, ապա հնարավոր է ինչ որ փոփոխություն: Եվ այս սահմանումը և դրանից առաջ ՀՀ-ին վերաբերող բոլոր քննարկումներում շեշտվել է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ հատկապես 2008-ից սկսած: Օրինակ՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու մյուս երիտասարդները ակնհայտորեն հետապնդվում են իրենց դավանած քաղաքական հայացքների համար: Մնում է, որ կառույցը հետևողական լինի իր ձևակերպումներում և սահմանումներում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սահմանման ընդունումից հետո ՀՀ  իշխանությունները կվերանայե՞ն իրենց քաղաքականությունը, պարոն Հարությունյանը պատասխանեց.  «Պետք է միջազգային կառույցներն ու երկրի իրավապաշտպան կառույցները պարտադրեն մեր իշխանություններին, որ նրանք վերանայեն իրենց քաղաքականությունը: Նրանց գոնե չորս տարվա գործունեությունը ցույց է տվել, որ նրանք նահանջում են, երբ իրենց վրա ուժ, կամ ճնշում է գործադրվում: Օրինակ՝  2008-ին քաղբանտարկյալների ազատ արձակումը դրա օրինակն է: Սահմանումներ բազում անգամ եղել են, սահմանումը մեկն է, քաղբանտարկյալներ են այն անձինք, ովքեր ձերբակալվում են իրենց դավանած քաղաքական հայացքների համար: Մնացած ամեն ինչը ցանկացած միջազգային կազմակերպություն կարող է մի քիչ աջ ու ձախ անել, բայց էությունը նույնն է: Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031