Հատված Սիրուշոյի հետ հարցազրույցից:
– Շատերն են նշում, որ հայաստանյան երգարվեստի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ աստղերին արտասահմանում չեն ճանաչում, և դժվար է այլ շուկա մուտք գործելը։ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է պատճառը։
– Իմ դեպքում, օրինակ, մտածված ոչ մի բան չի եղել։ Իսկապես երբեմն այնպես է ստացվում, որ դու չես կարող կանխորոշել, հանդիսատեսին երգ ներկայացնելիս երբեք չգիտես՝ նա կընդունի՞ այն, թե՞ ոչ։ Խոսքը և հայաստանյան, և դրսի հանդիսատեսի մասին է։ Իմ դեպքում շատ ուրախ եմ, որ իմ երգը այդքան ջերմ, այդքան լավ ընդունվեց և տարածվեց։ Ճանաչումը, իհարկե, սկսվեց «Եվրատեսիլից» հետո, բայց ունեցավ իր շարունակությունը, որը հանգիստ կարող էր նաև չլինել։ Ես դա գիտակցում, հասկանում եմ և շատ եմ գնահատում։ Արտասահմանում ճանաչված լինելը մի բան էր, որ ինքս էլ չէի պատկերացնում, որ կարող է լինել, քանի որ դեռևս փոքր տարիքում տեսնում էի, որ շատ քչերին է հաջողվում այդ սահմաններից դուրս գալ։ Վերջերս Պորտուգալիայում կայացած համերգից հետո մոտ մեկ ժամ ստորագրություն էի տալիս երկրպագուներիս, ու նկատեցի, որ նրանց շարքերում նույնիսկ մեկ հայ չկար, և դա առաջին դեպքը չէր։ Շատ հետաքրքիր և տարօրինակ զգացողություն է, երբ հասկանում ես, որ քո երաժշտությունը ոչ միայն հուզում է հայրենակիցներիդ, այլև այլազգիներին։ Ես չէի ասի, որ Եվրոպայում համընդհանուր ճանաչում ունեմ, և բոլորը իմ երաժշտությունն են լսում, բայց ես վստահ կարող եմ ասել, որ այդ բոլոր երկրներում ունեմ երկրպագուների մի մեծ բանակ, ովքեր հետաքրքրվում են իմ երաժշտությամբ ու հետևում են իմ աշխատանքներին։
Կարդացեք նաև
– Իսկ քեզ առհասարակ դո՞ւր է գալիս այն, ինչ կատարվում է այսօր հայաստանյան երգարվեստում։
– Շատ բաներ կան, որոնք ինձ այսօր դուր չեն գալիս և անգամ անհանգստացնում են։ Բայց խոսելիս նախընտրում եմ խոսել այն բաների
մասին, որոնք ինձ դուր են գալիս։ Բողոքելը հեշտ է, սեւ դրա համար բողոքողները շատ են։ Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում, դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է:
– Շատ երգահաններ ու երգիչներ ասում են, որ գումար աշխատելու խնդիր ունեն, իսկ որակյալ երաժշտությամբ հնարավոր չէ գումար աշխատել…
– Միգուցե դա գումար աշխատելու կարճ և հեշտ ճանապարհն է։ Բայց ես այդ գաղափարի հետ համաձայն չեմ։ Երկար տարիներ աշխատում եմ այս ոլորտում և կարիք չեմ ունեցել անցնելու այդ անհասկանալի ժանրին։ Փոքր տարիքից եմ սկսել գումար աշխատել և հոգացել և հոգում եմ իմ տեսահոլովակների, ձայնագրությունների ու արդեն՝ նաև իմ աշխատանքային անձնակազմն ունենալու ծախսերը։ Ինձ համար գումար աշխատելը և միևնույն ժամանակ ինքդ քեզ հավատարիմ մնալը՝ հենց հաջողությունն է։
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«168 ժամ»