Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում

Հոկտեմբեր 04,2012 10:51

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է:

Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ Վիրաբյանի գործով եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար։ Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի՝ խոշտանգման հետեւանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի եւ անհավանական»։

… Վիրաբյանի դեպքին Հայաստանի մամուլը բազմիցս եւ մանրամասն անդրադարձել է։ ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքերից հետո, երբ Բաղրամյան պողոտայի նստացույցը բռնի ուժով ցրվեց, ապրիլի 23-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Ոստիկանությունում նրան ավելի քան հինգ ժամ ծեծի էին ենթարկել, իսկ հաջորդ օրը նրան անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատության ենթարկել ու հեռացրել նրա ձախ ամորձին։ Վիրաբյանը բազմիցս հայտարարել է, որ իրեն հիմնական խոշտանգողը, ում պատճառով էլ ինքը կորցրել է իր ամորձին, եղել է այն ժամանակ դեռեւս ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Աշոտ Կարապետյանը։ Վերջինս այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է։ Վիրաբյանին խոշտանգելիս նա կապիտանի կոչում է ունեցել, իսկ այժմ գնդապետ է։ ԵԴ վճռում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է, թե ինչպես եւ ովքեր են խոշտանգել Վիրաբյանին. հիմնականում հիշատակվում է հենց Աշոտ Կարապետյանը։ ԵԴ-ն Վիրաբյանի հանդեպ կատարվածը գնահատել է որպես «անմարդկային վերաբերմունքի դրսեւորում, որի համար պետությունը պետք է պատասխանատվություն կրի»։ Մեր երկրում գործող խաղի կանոններով Եվրոպայում այսպես «նշանավորվելու» դիմաց՝ Աշոտ Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, շուտով գեներալական կոչում եւ ավելի բարձր պաշտոն կստանա։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031