Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Գրիգորյան, Դուք տեղյա՞կ էիք նշված խնդիրներին, եւ երբեւէ վարչապետն այդ թեմայով զրուցե՞լ է Ձեզ հետ, շոշափվե՞լ է կոնկրետ այս հարցը։
Կարդացեք նաև
– Ես այսօր տեղի ունեցածին շատ նորմալ եմ վերաբերվում։ Բժշկասոցիալական փորձաքննական գործակալությունում առկա պրոբլեմների մասին ես էլ եմ ժամանակին շատ բարձրաձայնել։ Իհարկե, դա պահանջում էր ընդհանուր առմամբ համակարգային փոփոխություն, եւ էդ առումով իմ պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ մշակվել էր անաշխատունակության նոր հայեցակարգ, մոդել, որը համարյա լուծում էր բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը։ Կարեւորը նաեւ այն է, որ ցանկացած ոլորտում ինչպիսի բարեփոխում ուզում ես արա, առաջին հերթին պետք է վերափոխես ոլորտի պատասխանատուին, մասնագետին, հակառակ դեպքում ինչպիսի բարեփոխում էլ անես, կարճ ժամանակ անց նույն իրավիճակն է լինելու։ Այսօրվա իրավիճակը միշտ էլ մեզ անհանգստացրել է այն ժամանակ։ Ճիշտն ասած, թե այսօր ինչպիսի վերլուծություններ են արել, ես բավարար տեղեկություն չունեմ, որ շատ օբյեկտիվ գնահատական տամ, բայց մի բանում եմ համոզված՝ ոլորտում պետք է անպայման կատարել հաստատ փոփոխություն։
– Դուք նշում եք, որ ժամանակին տեղյակ էիք, ինչո՞ւ այդ ժամանակ չեն բարձրացվել Վանյանի պաշտոնանկության կամ ընդհանրապես կոռուպցիային առնչվող հարցեր։
– Ես այնպես չեմ ահազանգել, որ պետք է պաշտոնանկության հարց դրվեր, իմ խնդիրը եղել է այն, որպեսզի կարողանանք հիմքից կատարել փոփոխություն, օրենսդրական փոփոխություններ, որ մեկընդմիշտ վերջ տրվեր նման երեւույթներին: Իմ աշխատած ժամանակահատվածում մշակվել էր հայեցակարգ, որը քննարկվել էր կառավարությունում, ուղղակի չհասցրեցի ընդունել այդ նոր մոդելը։
– Իսկ այդ ընթացքում վարչապետն ակնարկե՞լ է, որ անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել ոլորտում, չէ՞ որ նշված խախտումները տարիներ շարունակ առկա են եղել՝ այսօ՛ր չեն ծնվել։
– Տեսեք, ես միշտ խիստ պայքար եմ տարել, որպեսզի արատավոր երեւույթներն արմատախիլ արվեն։ Եվ արել ենք, թե որքանով է ստացվել, դա ցույց կտա համեմատությունը մեր կատարած աշխատանքի եւ դրան նախորդած վիճակի հետ։ Այս համեմատության մեջ կտեսնենք, որ էական առաջընթաց կա արձանագրված։ Ես միշտ էլ բարձրաձայնել եմ, որ այն կառույցները, ծրագրերը, որոնք ոլորտում գործում են, ինչ-որ չափով հնացած են, պետք է թարմություն մտնի, նոր փոփոխություններ եւ համապատասխանեցումներ մեր ժամանակներին։ Ես չեմ կարող այսօրվա խորհրդակցության արդյունքը վերլուծեմ, բայց ժամանակն է, որ խիստ ու առարկայական պայքար տարվի։ Ես շատ լավ եմ վերաբերվում այսօրվա տեղի ունեցածին։
– Պարոն Գրիգորյան, ստուգումները նախ սկսվեցին նախկինում ԲՀԿ–ի ղեկավարած կառույցներից։ Այս հերթականությունից շատերը ենթադրում են, որ քաղաքական գործընթաց է գնում եւ ուղղված է ԲՀԿ–ի դեմ։ Դուք ի՞նչ եք կարծում՝ կա՞ քաղաքական միտում։
– Իհարկե ոչ։ Դա քաղաքական չի կարող լինել, աշխատանքային պրոցեսներ են, եւ բնական է՝ որքան սրանում ու խորանում են, ամեն տեսակի ենթադրությունների տեղիք են տալիս։ Ես գտնում եմ, որ նորմալ աշխատանքային պրոցեսներ են։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
«Հրապարակ»