Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլային շախմատ

Հոկտեմբեր 04,2012 10:18

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը մի քանի իրողություններ արձանագրեց` մի կողմից` պատասխանելով մի շարք հարցերի, մյուս կողմից` առաջացնելով նոր հարցադրումներ:

Քոչարյանի հայտարարության առաջին արձանագրումն այն էր, որ նա Վարդան Օսկանյանին ավելի շատ է համարում իր թիմակիցը, քան Օսկանյանի կուսակցական ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մինչ օրս ոչ միայն որևէ հրապարակային խոսք չի ասել իր քաղաքական ուժի երկրորդ դեմքը համարվող գործչի շուրջ կատարվող գործընթացների մասին, այլև ընդհանրապես հանրապետությունում չէ: Մյուս կողմից, սակայն, Ռ. Քոչարյանի հայտարարության բովանդակությունը ցույց տվեց, որ լայն իմաստով նա իրեն չի համարում (կամ փորձ է արվում այդպես ներկայացնել) Օսկանյանի դեմ կատարվող գործողությունների քաղաքական հասցեատերը:

Այդ հայտարարությունն, ըստ էության, ավելի շատ բարոյական, քան քաղաքական աջակցություն էր Վարդան Օսկանյանին: Վստահաբար, հայտարարության յուրաքանչյուր բառը հաշվարկված էր, ու պատահական չէ, որ դրանում Ռ. Քոչարյանը «հետապնդում» բառից առաջ չի օգտագործել «քաղաքական» որակումը: Այս հաշվարկը ու Քոչարյանին ոչ բնորոշ բառապաշարով հայտարարությունն ընդհանրապես կարող է բազմաթիվ դրդապատճառներ ունենալ: Սկսած նրանից, որ նախկին նախագահն իսկապես Օսկանյանի նկատմամբ միայն բարոյական և ոչ քաղաքական պարտավորություն ունի, վերջացրած նրանով, որ Օսկանյանի դեմ սկսված հետապնդմամբ իրականում իշխանությունը փորձում է հենց Քոչարյանին ինչ-որ բան ակնարկել, սակայն վերջինս «սադրանքի չի ենթարկվում»:

Բանն այն է, որ ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող վարկածներից մեկի, իշխանությունները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ցանկանում են հնարավորինս շուտ բացահայտել Քոչարյանի մտադրություններն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես` առաջիկա նախագահական ընտրություններում Ռ. Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու մասով:

Ու այդ վարկածի համաձայն, Վ. Օսկանյանին հատկապես հիմա անձեռնմխելիությունից զրկելով` իշխանությունը ցանկանում է ստիպել Քոչարյանին բացել խաղաքարտերը` ընտրություններից որքան հնարավոր է շուտ զարգացումներն ավելի կանխատեսելի դարձնելու և համարժեք ռազմավարություն որդեգրելու նպատակով: Այս տրամաբանությամբ, Քոչարյանի «մեղմ» հայտարարությունը կարող է ընդամենը մարտավարական քայլ լինել` ժամանակ ձգելու և իր մտադրությունները հնարավորինս ուշ բացահայտելու նկատառումներով:

Ընդ որում, իշխանության մոտ նման սցենարի գոյության մասին երեկ, ըստ էության, հաստատեցին հենց իշխանական գործիչները: Գալուստ Սահակյանն անգամ հայտարարեց, թե Քոչարյանի հայտարարության հեղինակը Քոչարյանը չէ, քանի որ դա բնորոշ չէր նրա լեքսիկոնին: Այսինքն` իշխանությունը Քոչարյանից ակնկալում էր իր լեքսիկոնով պատասխան` դրանից բխող հետևանքներով ու գործողություններով, սակայն չստացավ այդ պատասխանը: Եթե Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի, ապա ամենևին բացառված չէ, որ այսպիսով ինքն էլ իր խաղն է խաղում` չտրվելով իշխանության խաղին:

Եթե` ոչ, ապա իրեն ոչ բնորոշ լեքսիկոնով այդ հայտարարությամբ նա ընդամենը հասկացրել է, որ չի ցանկանում ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության մեջ դառնալ ուղղակի կողմ: Փոխհրաձգությունը, սակայն, շարունակվում է, և առնվազն մինչև այս պահը իշխանության հարվածն ընդունող «կողմը» մնացել է Վարդան Օսկանյանը: Առաջիկայում պարզ կդառնա` ԲՀԿ-ո՞վ, թե՞ առանց ԲՀԿ-ի: Ընդ որում, բացառված չէ նաև «ԲՀԿ-ով, բայց առանց Գագիկ Ծառուկյանի» տարբերակը: Վերջին օրերի իրադարձությունները փոփոխություններ են առաջացնելու կամ արդեն իսկ առաջացրել են ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, այլև ԲՀԿ-ի ներսում: Ներկայիս զարգացումները հաշվի առնելով` պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը ԲՀԿ-ի համար վճռորոշ պահին կարող է կրկնվել նաև առաջիկայում` ավելի «վճռորոշ պահերի»:

168 ԺԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031