Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման 100 օրը

Հոկտեմբեր 04,2012 10:08

 Հայաստանում զանգվածային սպորտի զարգացման հիմնական խնդիրների վերաբերյալ հրավիրված խորհրդակցությունից հետո, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին խնդրեցինք պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցի:
 – Օրերս լրացավ ձեր պաշտոնավարման 100 օրը: Այս ընթացքում ի՞նչ է արվել նախարարությունում:
 – Ուսումնասիրություններ ենք կազմակերպել սպորտի եւ երիտասարդության հարցերի տարբեր ոլորտներում՝ սկսած մեծ նվաճումների սպորտի, բարձրակարգ նվաճումների համակարգից, մինչեւ մարզադպրոցներում տիրող իրավիճակ եւ այլն: Ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ բացթողումներ, որոնք առկա են համակարգում: Օրինակ, հանրապետության 174 մարզադպրոցներից միայն 25–ն են գործում նախարարության ենթակայության ներքո: Սա ինքնըստինքյան խոսում է իրավիճակի վերահսկելիության մակարդակի մասին: Նախարարությունը չի կարող զբաղվել մյուս մարզադպրոցների խնդիրներով՝ մասնագիտական հարցեր, աթեստավորում, ուսումնական պլանների հաստատում եւ այլն:

Երկրորդ կարեւոր հարցը ազգային ֆեդերացիաների հետ տարվող աշխատանքներն են: Այսօրվա վիճակով նախարարության համապատասխան վարչությունների աշխատակիցները դե յուրե որեւէ ներգրավվածություն եւ ազդեցություն չունեն ֆեդերացիաների կողմից կազմվող, առաջարկվող եւ տրամադրվող ծրագրերին: Այսինքն, նրանք ինչ ներկայացնում են, մենք ընդունում ենք: Անցած 100 օրվա ընթացքում այս եւ բազմաթիվ այլ խնդիրներ են քննարկվել, որոնց մի մասի լուծումներն արդեն տրվել են, կամ էլ ընթացքի մեջ են:
Կոնկրետ օրինակներ կբերե՞ք:
 – Մասնավորապես, ֆեդերացիաների առումով՝ այսուհետեւ նախարարությունը կունենա իր ներգրավվածությունը: Այսինքն, վերականգնվում է պետական մարզիչների ինստիտուտը եւ ֆեդերացիաների գործունեությունը վերցվում է վերահսկողության տակ:
Ինչ վերաբերում է մարզադպրոցներին, մեր համակարգի մարզադպրոցներում մինչեւ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարզիչներն ստանում են մոտավորապես 40-42 հազար դրամ, ինչը շատ քիչ է: Ես խոստացել եմ բարձրացնել մարզիչների աշխատավարձը եւ դա կլինի եկող տարվա հունվար ամսից:
 – Ասացիք, որ նախարարությունը վերահսկելու է ֆեդերացիաների աշխատանքը: Դա բոլորի՞ն է վերաբերվում, թե միայն հենակետային մարզաձեւերի ֆեդերացիաներին:
 – Բոլորին, որոնք ստանում են պետական աջակցություն: Եվ մեր առաջնային ծրագրերից մեկն էլ ֆեդերացիաների միջոցով մասսայական սպորտի զարգացմանը զարկ տալն է: Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, փոքր ֆեդերացիաներին, որոնց ֆինանսավորումը պլանավորում ենք զգալիորեն ավելացնել: Դրանցից են լողը, հեծանվային սպորտը, դահուկային սպորտը, բադմինտոնը, մականախաղը եւ այլն, որոնք, այսպես թե այնպես, որոշակի մասսայականություն վայելում են: Մեր կարծիքով, դրանց ֆինանսավորումն ավելացնելը կխթանի մասսայականությանը, ինչին ձգտում ենք բոլորս:
Բայց դրա համար նախ եւ առաջ համապատասխան կահավորված դահլիճներ եւ բազաներ են հարկավոր:
 – Եկեք բարձր նվաճումների սպորտը չխառնենք մասսայական սպորտին: Մասսայական սպորտի զարգացման եւ ընդլայնման համար կբավարարեն նաեւ եղած բազաների ավելի արդյունավետ օգտագործումը, հանրակրթական դպրոցների դահլիճների ներգրավումը:
 – Խաղային մարզաձեւերի մասին ի՞նչ կասեք: Դա մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է:
 – Այստեղ հատուկ ծրագիր է մշակվում: Հնարավոր է, որ վոլեյբոլի, հանդբոլի եւ բասկետբոլի ֆեդերացիաները միավորվեն մեկ ընդհանուր ֆեդերացիայի ներքո: Դա, կարծում եմ, արդիական է: Սակայն դեռ պետք է հանդիպենք այդ ֆեդերացիաների նախագահների հետ եւ խնդիրը միասին քննարկենք:
Ուսանողական սպորտում էլ անելիքները քիչ չեն:
– Այո: Եվ ինչպես ինքներդ քիչ առաջ տեսաք խորհրդակցությունում, քննարկվող գլխավոր թեմաներից մեկն էր: Զավեշտ չէ՞ր, որ բուհի ներկայացուցիչը դժգոհում էր, թե իրենց կրթօջախի ղեկավարությունը չի ապահովովում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքով սահմանված տարրական պայմաններ: Ավելին, բուհերի ղեկավարներ կան, որ այդ օրենքի գոյության մասին գաղափար անգամ չունեն: Ուսանողական սպորտը, ինչպես նաեւ դպրոցական եւ նախադպրոցական, գտնվելու է նախարարության ուշադրության կենտրոնում եւ այդ հարցում խորացնելու ենք համագործակցությունը Կրթույան եւ գիտության նախարարության եւ շահախնդիր մյուս կազմակերպությունների հետ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031