Վերջերս Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ոչ միայն ընդլայնել է իր ցանցը` հանրապետության տարբեր տարածքներում գրասենյակներ հիմնելով, այլև լուրերը սկսել է մատուցել կայք-էջով:
Aravot.am-ը հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ինտերնետային մատուցմանն այդքան մեծ ուշադրություն դարձնելը, արդյոք պատճառն այն չէ՞, որ հեռուստաընկերությունը դուրս մնաց թվայնացման գործընթացից, և շուտով ` մինչև 2015 թվականը այլևս հնարավորություն չի ունենա հեռարձակվել: «Ես կարծում եմ, որ հեռուսատեսությունը պետք է ներկայանա ավելի լայն զանգվածներին, քան Գյումրիի լսարան է, և կայքը ստեղծելու նպատակը հենց դա է: Իսկ թվայնացման գործընթացի հետ կապված ասեմ, որ սա մասնավոր հարց է, որը կլուծվի այն պարագայում, եթե լուրջ քաղաքական կամք լինի փոխել Հայաստանի Հանրապետության կյանքը: Եթե լինի այդ կամքը, մնացած բոլոր հարցերը` թվայնացումը, քաղաքապետի ընտրությունը, Վարդան Օսկանյանի հանձնումը, դրանք ածանցյալներ են: Այսինքն,եթե դատախազը շինծու մեղադրանքով կարող է մտնել Ազգային ժողով և պարկեշտ մարդուն զրկել իր մանդատից, և ընդհանրապես գործ հարուցել, պախարակել էդ մարդուն, մնացած բոլոր գործընթացները անիմաստ են դառնում, հիմա մենք թվային հեռուստացույցով ենք նայում, թե՞ անալոգային, իմաստ չունի դրա մասին զրուցել: Հիմա ԳԱԼԱ-ն կլինի, թե՞ չի լինի, դրա մասին իմաստ չունի զրուցել, այսինքն եթե սովորական քաղաքացու կյանքում լուրջ փոփոխություններ չեն լինի, հիմա մի ԳԱԼԱ ավելի, մի ԳԱԼԱ պակաս , դրանք երկրորդական խնդիրներ են», -ասաց հեռուստաընկերության հիմնադիրը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ