Այսօր ԵԽԽՎ-ում «Մարդու իրավունքներ և միջազգային քաղաքականություն» թեմայով բանավեճի ընթացքում Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Պիետրո Մարսենարոյի զեկույցի կապակցությամբ հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Զ. Փոստանջյանի ելույթին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ ստորև ներկայացնում ենք Ն. Զոհրաբյանի ելույթի տեքստը.
«Հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ,
Մեր գործընկեր Պիետրո Մարսենարոյի զեկույցը ես կհամարեի այս նստաշրջանի ամենակարևոր զեկույցը։ Իրապես, այսօր ԵԽ անդամ որոշ երկրների արտաքին քաղաքական օրակարգերը հեռու են ժողովրդավար լինելուց։ Ես միանշանակ համաձայն եմ զեկուցողի այն դիտարկման հետ, որ երբ երկրների արտաքին քաղաքական օրակարգերը հետևողականորեն արհամարհում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հիմնահարցերը, դա կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել։ Եւ իհարկե, դժվար է չհամաձայնել զեկուցողի հետ, որ շատ դեպքերում տնտեսական շահերը գերակա են դառնում մարդու իրավունքներից եւ ժողովրդավարության հիմնարար արժեքներից։ Մեր գործընկերոջ զեկույցը կարծես ուղղակի հաստատումը լինի այն խայտառակ գործարքի, որը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին՝ ԵԽ անդամ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջև, երբ ինչ-ինչ տնտեսական շահերի դիմաց, որը անգամ չեն էլ թաքցնում հունգար տարբեր պաշտոնյաներ, Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ցմահ դատապարտված ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Այս խայտառակ գործարքով Ադրբեջանն ու, ցավոք սրտի, նաև Հունգարիան ապացուցեցին, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգերում մարդու իրավունքը ոչինչ է։ Ես իհարկե, հասկանում եմ, որ տոտալիտար Ադրբեջանի կողքին Հունգարիայի անունը հնչեցնելը ոմանց կարող է և զարմացնել, բայց երբ Հունգարիայի վարչապետը, ի պատասխան ողջ քաղաքակիրթ աշխարհի բողոքի, այդ թվում նաև իր երկրում, հայտարարում է, որ ինքը ամեն ինչ ճիշտ է արել և լավ է արել, ապա ես լրջագույն վերապահում ունեմ այդ երկրի ներկայիս քաղաքական իշխանության իրական արժահամակարգի շուրջ։ Այո, իրավացի է այս զեկույցի հեղինակը, երբ նշում է, որ ԵԽ անդամ պետությունները պետք է իրենց արտաքին քաղաքականությունը ձևավորեն մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների շուրջ։ Սակայն եկեք ինքներս մեզ հարց տանք՝ ընդհանրապես ի՞նչ իրավունքի մասին կարող է խոսք լինել մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ նախագահը սուլթան է, որտեղ ազգային հերոսը մարդասպանն է և որտեղ անգամ օմբուդսմանն է հայտարարում, որ հային սպանողը պետք է հայրենասիրության օրինակ լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար։
Ինչ վերաբերում է այս կարևոր զեկույցի հեղինակի հաջորդ դիտարկմանը, թե երկրներն իրենց արտաքին քաղաքական օրակարգերը իրականացնելիս իրենց տրամարդության տակ ունեն այնպիսի կարևոր մի գործիք, ինչպիսին միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաներն են, ուզում եմ հիշեցնել, որ ստրասբուրգյան կոնվենցիայի կամայական մեկնաբանությամբ էր, որ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին։ Եւ միանշանակ համաձայն եմ մեր Վեհաժողովի նախագահ Մինյոնի այդ դիտարկման հետ, որ Եվրոպայի Խորհրդի իրավական գործիքները չպետք է անօրինականորեն կիրառվեն, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի այն դիտարկման հետ, որ միջազգային կոնվենցիաները չպետք է շահարկել քաղաքական նպատակներով։
Կարդացեք նաև
Հարգելի գործընկերներ, մենք կանգնած ենք կարևոր ջրբաժանի առջեւ՝ կամ մենք պիտի լրջագույն պատժամիջոցներ կիրառենք այն երկրների հանդեպ, որոնք համաեվրոպական արժեքները սարքել են լաթի կտոր, կամ մենք երբեք չենք ունենա այն Եվրոպան, որը ուզում ենք թողնել ապագա սերունդներին։
«Ես մերժում եմ այն աշխարհի հեռանկարը, որի բարոյական կոդեքսը սկսում է թառամել»,-ասել է մեր կառույցի գլխավոր քարտուղարը։ Մտածենք այդ մասին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ