Երեկ ԱԺ-ում գեներալ Սեյրանի դուռը կիսաբաց էր: Դրսից երեւում էր սենյակի գույքը: Մեզ մասնավորապես հետաքրքրում էր նրա սառնարանը: Հայտնի է, որ Սեյրան Սարոյանն ու գեներալ Մանվելը անբաժանելի ընկերներ են, ամենուր միասին են, միասին գալիս են ԱԺ, միասին էլ գնում: Եվ քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի սեւ սառնարանի շուրջ այդքան մեծ աղմուկ էր բարձրացել, մենք փորձեցինք ընդամենը համեմատելու համար լուսանկարել գեներալ Սեյրանի սառնարանը:
Այդ պահին վրա հասավ Սեյրան Սարոյանի պահապաններից մեկը եւ սկսեց գոռգոռալ, որ էթիկա չունենք, ուրիշի սենյակ է, ի՞նչ իրավունքով ենք նկարում, փոխանակ մի հատ դուռը «տուկ-տուկ» տայինք, թույլտվություն վերցնեինք՝ ոտնահարում ենք էթիկայի ողջ կանոնները: Նա ճշտեց, թե որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, սկսեց բղավել, թե դուք գիտեք միշտ ճիշտ եք, մարդու սենյակ եք գալիս, ո՞ւմ եք հարցրել, ի՞նչ իրավունք ունեք: Նրան բացատրեցինք, որ ԱԺ-ի սենյակը Սեյրան Սարոյանի սեփական տունը չէ, պետական հիմնարկ է:
Ավելի ուշ լուսանկարեցինք Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան երկյակին՝ ԱԺ-ից դուրս գալիս: Նրանք նստեցին լուսանկարում պատկերված 045 oo 01 պետհամարանիշի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որն առանց ԱՊՊԱ եւ առանց տեխզնման կտրոնի էր, առանց ամրագոտիները կապելու՝ հեռացան:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ