Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ մեկը մեզ «քցելու է», ապա միայն մենք ինքներս մեզ կարող ենք քցել». Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 03,2012 21:06

Եվրոպական 3 տասնյակ երկրների քաղաքացիների` Հայաստան առանց մուտքի արտոնագրի այցելության կառավարության որոշման նախագիծը տարատեսակ կարծիքների առիթ է տվել: Նախ այն, որ շենգենյան երկրների համար վիզայից ազատվելը Հայաստանի համար միակողմանի է: Մեր երկիր ազատ կարող են այցելել, իսկ մենք եվրոպական երկրներ պարտավորված կլինենք շենգեն վիզայով մուտք գործել, սա շատերի մոտ անհավասարության եւ անարադարության տպավորություն է ստեղծել:

Վաղը ՀՀ կառավարության նիստի օրակարգում նաեւ ներառված է այս որոշման նախագիծը:

Եվրոպական երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան որքանո՞վ կխոցի մեր երկրի անվտանգությունը, հաշվի առնելով, որ ցանկացած ոք կարող է հանգիստ ոտք դնել Հայաստան, Aravot.am-ի այս հարցին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանն ասաց. «Անվտանգության մեծագույն խնդիր չենք ունենալու` կախված նրանից, թե ովքեր են գալիս: Հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ, եթե ինչ-որ մարդիկ որոշեն չարաշահել համակարգը, ապա նույն ձեւ կարող են գալ հասնել Հայաստան շատ մատչելի գնով` տուրիստական վիզայով: Խնդիրն այնպես է, որ այնքան էլ անվտանգության հարց չէ»:

Պարոն Պողոսյանի խոսքերով` վիզաների դյուրացման գործընթացում շենգենյան երկրները պարտավորվում են տվյալների բազաների փոխանակում: Ըստ Թեւան Պողոսյանի` «Դա մի նախադեպ է, որին արդեն իսկ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը դիմել են: Եվ Հայաստանը, հաշվի առնելով Արեւելյան գործընկերության շրջանակներում այս երկրների փորձը, որի արդյունքում այդ երկրները առաջադիմել են, ինքն էլ որոշեց օգտագործել այդ փորձը եւ այդ երկրների պես նախօրոք է միակողմանիորեն ընդունում շենգենյան երկրների քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջից ազատումը»:

Ըստ կենտրոնի տնօրենի` այստեղ կարելի է եւ անարդարություն տեսնել, եւ ցանկություն, որ երկրների միջեւ երկկողմանի ազատ մուտք լիներ, բայց, ինչպես պարոն Պողոսյանն ասաց` այս գործընթացի մեջ շենգենյան երկրների բազային համակարգում ամեն ինչ կանոնակարգված է, իսկ Հայաստանը նոր է փորձում սեփական բազային համակարգ ստեղծել եւ միանալ ընդհանուր բազային. «Այս գործընթացը մի փուլ է, որը ուշ թե շուտ կբերի վիզաների երկկողմանի ազատականացմանը»:

Հարցին էլ` արդյոք «եվրոպական քցոցի» չի՞ լինի` Եվրոպան ազատ մուտք ունենա, իսկ Հայաստանին հետագայում մերժեն, պարոն Պողոսյանը պատասխանեց.«Եթե ուրեւէ մեկը մեզ «քցելու է», ապա միայն մենք ինքներս մեզ կարող ենք քցել, այն գաղափարի շրջանակում, որ չկատարենք պարտավորությունները, եւ այդ պատճառով եվրոպական կողմն ասի` նայե’ք, չեք կատարել, չեք կարող ստանալ»:

Մեր այն հարցին էլ` հնարավո՞ր է մերժվենք քաղաքական պատճառաբանությամբ` ժողովրդավարության մեջ թերանում ենք, մասնագետն այսպես պատասխանեց. «Բնականաբար,եթե մենք կիսում ենք այն ազատականացումները, որ մարդիկ իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու, ապա նույնկերպ մենք պետք է ապացուցենք, որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որը չի տեսնում խնդիրներ Հայաստան այցելելության մեջ: Պետք է բիոմետրիկ անձնագրերի համակարգը ներդնենք, ապացուցենք, որ կարողանում ենք մեր սահմանները վերահսկել եւ այլն, եւ կհասնենք այն քայլերին, որ շենգենյան երկրները կասեն` Հայաստանի քաղաքացիները սրանից հետո կարող են այցելել առանց վիզաների»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031