Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի 2012թ. մարտի 19-ի զեկուցագրի հիման վրա մարզպետ Արմեն Ղուլարյանը Ոսկեպարի դպրոցի 9 տարվա տնօրեն, պատմության ուսուցիչ Նվեր Բեգլարյանին ազատել է տնօրենի պաշտոնից: Մարզպետի որոշմամբ մարտի 24-ին Ոսկեպարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Հարություն Ալավերդյանը:
Նվեր Բեգլարյանն ասում է, որ եթե անբավարար աշխատանքի պատճառով են իրեն պաշտոնից ազատել, ինչո՞ւ տնօրենի պաշտոնակատար չի նշանակվել դպրոցի ուսմասվարը կամ դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը (երկուսն էլ ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն), այլ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մանկավարժական կրթություն չունեցող զինղեկը, ով չունի նաեւ դպրոցի տնօրեն աշխատելու համար անհրաժեշտ հավաստագիր: Բացի այդ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու պահին Հ. Ալավերդյանը եղել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ որպես խորհրդի անդամ, իրավունք չուներ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, նախ պետք է հրաժարվեր դպրոցի կառավարման խորհրդի անդամությունից:
«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4- ի թիվ 319-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ դպրոցի կառավարման խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Ա. Փաշինյանն ամիսներ առաջ մեզ հավաստիացրել էր, որ Ոսկեպարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո եռամսյա ժամկետում կկայանա մրցույթ` տնօրենի թափուր տեղի համար: Տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո ավելի քան 6 ամիս է անցել, սակայն նման մրցույթ այդպես էլ չի կայացել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, զինղեկ Հարություն Ալավերդյանն իր կնոջը, ով սարքաշինական տեխնիկում է ավարտել, հայոց լեզու առարկայի դասաժամեր է տվել, եւ նրա կինը շաբաթական 5 ժամ մայրենի լեզու է դասավանդում 7-րդ դասարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ