Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կարևորը ոչ թե գեներալի ուսադիրներն են, այլ բարոյականության ուսադիրները»

Հոկտեմբեր 03,2012 19:56

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան, ՀՅԴ անդամ Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով նախկին արտգործնախարար  Վարդան Օսկանյանին  անձեռնմխելիությունից  զրկելու հարցով  քվեարկությանը մասնակցած պառլամենտականների, այդ թվում նաև ԼՂՀ  ազատամարտի  հերոս-գեներալների պահվածքին, ասաց.«Ես չեմ էլ ուզում գնահատական տալ խորհրդարանականների պահվածքին, քանի որ ամենաքիչը անբարո պահվածք է,  քվեարկելուց առաջ գոնե ինքդ քո մեջ հարցնեիր` իսկ դո՞ւ: Ինչպես Ուսուցիչն է ասում` թող քարը նետի նա, ով մեղք չի գործել, ու պարզվեց, որ պոռնկուհու վրա քարը նետող չեղավ, որովհետև ամեն մեկը իր մեջ մեղքի չափ գիտեր: Իսկ դուք արժանի չե՞ք դրան, դու ինչպե՞ս ես քո կոլեգային, քո գործընկերոջը, նախկին արտգործնախարարին` լավ, թե վատ, սա չի կարևորը, իրար կողքի եք նստում, անհիմն մեղադրում,  ի՞նչ պիտի ազգը սովորի խորհրդարանից: Սխալված կլինի որևէ մեկը, եթե կարծի, թե ինքը երաշխավորված է Վարդան Օսկանյանի օրը ընկնելու վտանգից: Ի՞նչ էիք ուզում` ինչ-որ մի 150 կամ 180 հազար դոլա՞ր, և ի՞նչ է արել էդ խեղճը, մեղքը  ո՞րն է, որ ասում եք  թող գնա ինքն իրեն արդարացնի,  ինչի՞ց արդարացնի, վերջապես էդ  ի՞նչ եք հայտնաբերել»:

Մեր զրուցակիցը վստահ է,  որ սա ուղղակի կատարված հրահանգ է, որը պետք էր  ինչ-որ մեկին: «Իսկ մենք գիտենք `մեր հանրապետությունում եթե մեկին ինչ-որ բան պետք է,  անպայման դա կանի, ցավում եմ , բայց մեր վիճակը այդպիսին է , ինչ ուզի, նա կանի, որովհետև ընդդիմացող չկա: Իսկ գեներալների մասով կասեմ` էստեղ ոչ թե գեներալի ուսադիրներն են կարևորը, այլ բարոյականության ուսադիրները: Չեմ ուզում որևէ մեկին դատել, բայց հարց  պետք է տալ` ի՞նչ արժանիքների,  ի՞նչ ներդրումների  համար են մարդիկ էդ ուսադիրները կրում: Բոլոր դեպքերում` եթե ես ուսադիրներ չունեմ, գոնե խիղճս պետք է աշխատի, գոնե իմ հայրենասիրությունն ու վերաբերմունքը: Բայց ի՞նչ արած,  մեր հիվանդությունը, մեր ժամանակների ողբերգությունը հենց դա է, որ չկան անձիք, չկան մարդիկ, ովքեր դիրքորոշում հայտնեն, որ` գիտես եղբայր, ես էսպես եմ մտածում, գուցե ես սխալ եմ, ինձ ուղղեք, բայց համոզիչ ուղղեք, ես կփոխեմ տեսակետս, եթե դուք լինեք համոզիչ, բայց երբեք կամակատարը որևէ մեկի չեմ լինի»:

Աշոտ Հակոբյանի կարծիքով, պառլամենտականներն այնքան ստրկամիտ են  դարձել, որ եթե նույնիսկ հրահանգ  ստանան հավաքվել ու Աստծուն դատել, ապա առանց վայրկյան կորցնելու դա կանեն. «Ես հոգեբանական գնահատական  կտամ, իմ խորին համոզմամբ մեր հասարակությունը մասսայական պսիխոզի մեջ է,  ծայրահեղ  բևեռացված է , որը որոշակի առանձնահատկություն ունի: Մեկ  բևեռում, էնտեղ, որտեղ նյութական կարողությունն է կուտակված, հայտնվել են մարդիկ, որոնք ազգային հարստությունն են ըստ էության հիմա պահում իրենց մոտ, և մյուս բևեռում այն մարդիկ են, ովքեր զուրկ են  դրանից: Միջին խավ, միջին շերտ, որը նրանց կմիավորեր,  կկապեր, չկա: Երբ մարդը հայտնվում է բևեռում, նրա մոտիվացիան դառնում է իռացիոնալ, այսինքն, ենթադրենք բևեռներից մեկում հայտնված մարդը առաջին հեթին մտածում է իր անվտանգության մասին, օրինակ`եթե նայենք ցանկացած մեկի վարքը, ի՞նչ է անում այդ մարդը.  իրեն շրջապատում է ինչ-որ թանկարժեք մեքենաներով, ինչ-որ թիկնապահներով, ինչ-որ շենքերով,  այսինքն,  ինքն իրեն ապահով չի զգում, և դրա համար իրեն շրջապատում է  ինչ- որ բաներով: Իսկ երկրորդ բևեռում հայտնվածների մոտ նույն անվտանգության մոտիվացիան է, բայց արդեն ընչազրկության տեսանկյունից, սա էլ ամեն ինչ անում է, միայն թե էս բևեռից հայտնվի մյուս բևեռում, ոչ թե շահեկանորեն փոխեն միջավայրը, ոչ թե ներդրումներ կատարի կյանքի որակի  մեջ, այլ ուղղակի էստեղից հայտնվի էնտեղ: Սոցիալական  բողոք հենց  էդ պատճառով չկա, եթե իմ մեջ բողոք կա, ապա կա միայն այն պատճառով,  որ այդ մեծահարուստ օլիգարխը իմ քեռին չէ, եթե կամ ես լինեմ, կամ իմ քեռին, ես էլ չեմ բողոքի: Եվ այս միջավայրում հարաբերությունները արդեն պաթոլոգիկ են , փորձեք ասել առողջ քննադատական խոսք, ինչ-որ առաջարկ,  ծրագիր, որը  մեր կյանքի ինչ-որ մի դրվագը կբարեփոխի , կտանի առաջընթացի  և ինչի՞  կհանդիպեք`միանգամից  սվինների, որովհետև երբ որ դու խոսում ես ինչ-որ բարեփոխումներից, այն մարդը, քանի  որ փակված է իր մոտիվացիայի  մեջ,  մտածում է, որ դու սպառնում է իր անվտանգությանը»:

Ըստ հոգեբանի,  սա մանկամիտ ինֆանտի մոտիվացիա է, որը արժեվորված է միայն երեխայի պարագայում: «Այսինքն,   երբ որ երեխայի միջավայրում մի  ինչ-որ բան կտրուկ փոփոխության է ենթարկվում, ինքը սկսում է անհանգստանալ, սկսում է լացի նոպա դրսևորել, պահանջում է ապահովել իր անվտանգությունը, գգվում է մայրիկին,  պահ է մտնում մայրիկի  փեշի տակ, էնպես,  ինչպես գեներալները պահ մտան ինչ-որ  մեկի փեշի տակ, որովհետև իրենց անվանգությանը  սպառնում են,  ինքը մտածում է` ինչ-որ մեկին պատժում են, վաղն էլ ինձ կպատժեն : Դրա համար ասում է` արի կլինի ես քվեարկեմ էնպես, ինչպես հարկն է, որպեսզի ես գոնե կարողանամ  հետաձգել ինձ սպասվող   վերաբերմունքը: Չգիտեմ այսպիսի փոխհարաբերություններով ո՞ւր  կհասնենք», մտահոգված է հոգեբան Աշոտ Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031