Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքասպանությու՞ն, թե՞ սպանություն.երիտասարդ կնոջ հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Հոկտեմբեր 03,2012 19:33

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մի դեպքի մասին: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում  ապրող Թովմասյանների ընտանիքը  արդեն երեք ամիս ապրում է  կասկածը սրտում` ո՞րն էր հարազատ դստեր մահվան պատճառը` ինքնասպանությունը՞,  թե՞ սպանությունը:

«Ասում են` Մարոս կախվել էր: Ես էլ ասում եմ, եթե կախվել էր, ինչու՞ էիք իջեցրել նրան կախված տեղից, գոտիկը արձակել… դրա փոխարեն շտապ օգնություն կանչեիք, ոստիկանություն, մենք էլ կգայինք  մեր աչքով կտեսնեինք ու կհամոզվեինք, որ կախվել էր: Թե չէ,  երեք ամիս է,  ես տանջվում եմ, մեռնում,  թե ինչու մահացավ Մարոս»-պատմում է 50 ամյա Լինա Համբարձումյանը, ում աղջիկը` 20- ամյա Մարոն, մահացել է հուլիսի 12-ին Առինջ գյուղում, ամուսնու տանը:

Մարոյի հայրը` Ռոման Թովմասյանը, ասում է, որ իրենք պնդում են, որ դա ինքնասպանություն չի եղել: «Մարոյիս վզին ոչ մի կախվածի հետք չկար, միայն մատնահետքեր էին, գազան ամուսինը նրան խեղդել էր»-ասում է նա:

20- ամյա Մարո Գուլոյանի մահվան հետ կապված Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով: Մարոյի ծնողների պահանջով նշանակված է կրկնակի  դատաբժշկական փորձաքննություն: Նրանք  պատմում են, որ  դեպքից մեկ օր առաջ Մարոն իրենց տանն է եղել, աղջկա՝ 1,8 ամյա Արևիկի հետ: Ամուսինը`26 ամյա Գևորգ Գուլոյանը, ամեն անգամ տանը վիճելու պատճառով կնոջը և երեխային ուղարկել է հայրական տուն:

«Այդ օրը, երբ աշխատանքից եկա, Մարոն ասաց.«Մամ, ես տաքսի կանչեմ գնամ, Գևորգը զանգեց  կանչեց»: Ասացի` Մարո ջան, մի գնա, զանգի սկեսրարիդ հարցրու, գուցե ասի `մնա: Զանգեց, սկեսրարն էլ ասել էր` մնա, Մարո ջան: Մեկ ժամ չանցած ամուսինը  էլի զանգեց, Մարոն մտավ ներսի սենյակից խոսեց հետը, չգիտեմ ինչ  ասաց, ինչ չասաց, Մարոն սկսեց իրերը հավաքել: Հայրը ասաց` նստի տեղդ, չես գնում,նա ո՞վ է, որ զանգի ասի` նստի տաքսի, արի: Ասեց.«Չէ, պապ, չեմ կարող, որ մնամ վաղը գնամ, մեր տանը պատերազմ կլինի»:  1500 դրամ էլ տվեցի, որ տաքսիով գնա: Փոքր տղաս` Մհերը, տարավ թողեց ու եկավ: Հաջորդ օրն էլ  այդ դեպքը եղավ»-պատմում է Մարոյի մայրը:

Հուլիսի 12-ի առավոտյան Մարոն զանգում է հորը: «Տեսա ձայնի մեջ վրդովմունք կար, ասեցի, Մարո ջա՛ն,  ձայնդ դուրս չի գալիս, ի՞նչ է եղել: Ասեց` պապ ջա՛ն, ու դրեց: Մհերին էր ուզում: Դրանից մեկ ժամ հետո  զանգում է եղբորը` Մհերին, բա` գործդ թող ու արի, որոշել եմ վերջնական բաժանվել: Մհերը գնում է, նստում խոսում են ամուսնու ու ծնողների ներկայությամբ, հետո գալիս է տուն, որ երեկոյան  մոր հետ գնան Մարոյին բերելու»-պատմում է հայրը և ասում, որ Մհերը ինքն իրեն մեղադրում է միայն այն բանի համար, որ այդ պահին քրոջը հետը չի բերել:

Եղբոր դուրս գալուց հետո էլ տեղի է ունենում չարաբաստիկ դեպքը: Մարոյի ծնողները այդ մասին իմանում են միայն ժամը յոթից հետո: Մայրն ասում է, որ աշխատանքից տուն գալով զանգում է Մարոյի բջջայինին, սակայն չի կարողանում կապվել: Զանգում է աղջկա սկեսուրին, վերջինս պատասխանում է, որ հողամասում է ու տեղյակ չէ Մարոյից: Զանգում է սկեսրոջ հեռախոսին:

«Ասաց, որ երեխեն վատ էր, տարել ենք Աբովյանի հիվանդանոց:  Էլ չհասկացա, երեխա ասելով ումը նկատի ուներ Մարոյի՞ն, թե՞ Արևիկին: Արագ հասանք հիվանդանոց: Բոլորը կագնած էին, ասում եմ` ի՞նչ է եղել, ոչինչ չեն ասում: Զոռեցի մտա ներս`տեսնեմ արդեն շորը քաշած երեխուս դեմքին: Վատացանք ես ու ամուսինս: Դատաբժշկական փորձաքննության մեջ  գրված է`կախվել է խալաթի գոտիով, ասում եմ` բա ո՞ւր է դրա հետքը, ասում են` փափուկ է եղել: Ամբողջ ներքին հագուստը  պատառոտված էր, ասում են` հերձման ժամանակ է եղել, հարցնում եմ` ինչու՞ մկրատով չէին կարող կտրել»-արցունքն աչքերին պատմում է Մարոյի մայրը:

Ռոման Թովմասյանը համոզված ասում է, որ նրանց (Գուլոյանների) տան մեջ է տեղի ունեցել սպանությունը, ու այդ մասին բոլորը գիտեն, բայց ատամներով պահում են իրենց որդուն: «Մարոն այնքան կապված էր աղջկան՝ Արևին, այնքան հոգատար մայր էր, ոչ ոքի չէր վստահում: Սրտի տակ կրում էր երկրորդ երեխային` երեք ամսական հղի էր: Ծիծաղում էր այն մարդկանց վրա, ովքեր ինքնասպան էին լինում կամ ցած նետվում կամրջից: Վերջապես նա զանգել էր եղբորը, ասել, որ վերջ, որոշել են ու բաժանվում է, ինչու՞ պետք է այդքանից հետո ինքնասպան լիներ: Մենք պահանջել ենք կրկնակի փորձաքննություն»-ասում է Թովմասյանը:

Մայրը պատմում է, որ Մարոն ու Գևորգը ամուսնացել են սիրով: Սակայն մեկ տարի հետո սկսվել են տհաճ պատմությունները: Գևորգը խաղամոլ էր: Պարտվելով խաղատներում`վաճառում է կնոջ ամբողջ ոսկեղենը,  պարտքերի տակ ընկնում:  Մարոյին ստիպում է անընդհատ գումարներ  գտնել: Ստիպել է, որ կնոջ մեծ եղբայրը`Նվերը, իր համար 300 հազար դրամ վարկ վերցնի բանկից, քանի որ աշխատանք ուներ, և բանկը Նվերին կվստահեր վարկը: «Ես չթողեցի: Ո՞վ էր փակելու այդ գումարը, ի՞նքը, որ աշխատանք չուներ և օրերով խաղատներից տուն չէր գնում:  Փողի պատճառով ծեծ ու ջարդ էր Մարոյենց տանը: Աղջիկս, եթե գումար չէր կարողանում ճարել, ծեծվում էր, կապտուկների մեջ կորած էր: Հենց ասում էր` բաժանվում եմ, ասում էր` Արևիկին չեմ տալու, ուր ուզում ես գնա բողոքի, ախպերներիդ վիզը կտրելու եմ: Մարոն ահաբեկված էր, վախենում էր ամուսնուց»-պատմում է Լինան,-«Բայց երբեք չէր սպասում, որ իր հետ այդպես կվարվի»:

Մարոյի ծնողները պատմում են, որ փեսան խաղատներից մեկում հունիսի 29-ին մասնակցում է մեծ  խաղարկության, որի համար 300 տոմս է գնում, սակայն ոչինչ չի շահում: «Այդ օրը կատաղությունից տուն չի գնում: Մարոս զանգեց, ասաց, որ գիշերը տուն չի գնացել: Ասացի` Մարո ջան, որ գա էլ, բան չխոսես հետը,  ջղայնացած կլինի` կխփի քեզ: Մարոն ասում էր, որ  այդ խաղարկությանը  ամուսինը հույս ուներ կհաղթի ու պարտքերը կփակի: Դրա համար էլ 300 հազար դրամ էր վարկ էր ուզում վերցնել: Կատաղել էր  այդ  տաս օրը, ու հուլիսի 12-ին վերցրեց ու Մարոյին այդպես արեց»-պատմում են  ծնողները:

Մայրը թերթում է Մարոյի ալբոմը: Լուսանկարներում Մարոն դպրոցական է, հետո արդեն ավելի հասուն տարիքում: Համարձակ ու կյանքով լեցուն հայացք է լուսանկարներից նայում: Դպրոցն ավարտելուց հետո վարսավիրության դասընթացների է հաճախում,  ավարտելուց հետո աշխատում:  Մայրը ասում է, որ շատ կենսախինդ էր, աշխույժ,  սակայն երկու տարում ամուսինը խեղճացել է նրան: «Աղավնու նման վանդակի մեջ էր ընկել»-ասում է հայրը, հույս ունենալով, որ արդարադատությունը հաղթելու է, և 20- ամյա դստեր մահը հեշտությամբ չեն մարսելու:

Ծնողները նամակով դիմել են ՀՀ նախագահին, Արդարադատության նախարարին, Կոտայքի մարզի գլխավոր դատախազին: Մարո Գուլոյանի իրավահաջորդը նրա հայրն է՝ Ռոմիկ Թովմասյանը, նրանց  փաստաբանական աջակցություն է ցուցաբերում Կանանց ռեսուրսային կենտրոնը:

Տանը ամենուր ծնողներին և եղբայրներին հետևում է պատից կախված Մարոյի անթարթ ու լուսավոր հայացքը: Նա իր հետ գերեզման է տարել սեփական մահվան հետ կապված ճշմարտությունը, որի համար այսօր  պայքարում է նրա ընտանիքը:

Լինան, որ  աշխատում է Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում, ասում է, որ ճանաչում էր իրենց սաներից` Զարուհի Պետրոսյանին, ում ծեծելով սպանեցին սկեսուրն ու ամուսինը: «Հիմա էլ իմ երեխե՞ն: Պետք է պատասխան տան: Հավի ճո՞ւտ էր, տարան խեղդեցին, հողը քաշեցին վրան»-ասում է մայրը-«Մեր տանից թաղեցինք Մարոյիս: Գեւորգի տատը լացում էր ու ասում.«Գեւորգը մեռավ բերանով օդ տալով, չկարողացավ Մարոյին փրկի»: Ինչո՞ւ խփեց երեխուս, ինչի՞ արեց»:

Նոյեմբերի 13-ին Մարոն կդառնար 21 տարեկան:  Մարոյի կյանքը, երազանքներն ու նպատակաները առջևում էին, սակայն ինքնասպանությունը կամ սպանությունը կտրեցին երիտասարդ կնոջ կյանքի թելը: «Շատ էր սիրում աղջկան`Արևիկին, համբուրելով ման էր գալիս: Ասում էի` Մարո,  հերիք է այդքան համբուրես,  ասում էր` մամ, սիրում եմ, երևի գիտեր որ կյանքը կարճ է: Արևը Մարոյիցս մնացած միակ արևն է:  Գալիս է,  կանգնում նկարին նայում ու հետո սկսում փնտրել սենյակներում:  Ինձ է նայում ու հարցնում` գալու է, չէ՞, ինձ սիրում է, չէ՞, ես էլ եմ սիրում Մարո մամային»-արցունքների միջից պատմում է Մարոյի մայրը:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

հետաքննող լրագրող

ՀԱԲ Արագ Արձագանքման Խումբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031