Այսօր Aravot.am-ը արտգործնախարար Էդուարրդ Նալբանդյանին խնդրեց պարզաբանել ինչ-որ անհայտ գերմանացուց նվեր ստացած իր մեքենայի պատմությունը: Հիշեցենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Էդուարդ Նալբանդյանը վարում է 100-300 հազար եվրոյանոց S դասի Մերսեդես, որը նվեր է ստացել: Նախարարի պարզաբանմամբ՝ «Գիտեք ինչ, մեղադրանքները, երբ որ անիմաստ են եւ թյուրիմացություն, դրանց պատասխաններ տալու կարիք էլ չկա: Այդ գինը առնվազն մի տասը անգամ ավելացված է: Այդ մեքենան եղել է մեր դեսպանության մեքենան, որը գնվել է 2005 թվականին եւ 5 տարի օգտագործված է եղել: Նաեւ օժանդակությամբ, աջակցությամբ՝ հյուպատոսի: 5 տարի հետո, երբ ժամանակը եկել է, որ այդ մեքենան կարելի է վաճառել, ավելի նպատակահարմար է գտնվել, որ դա բերվի արտգործնախարարություն եւ օգտագործվի արտգործնախարարության ներկայացուցչական նպատակներին: Կարծեմ, որեւէ երկրում հարց չի կարող ծագել, որ արտգործնախարարությունը կամ արտգործնախարարը պետք է ներկայացուցչական մեքենա չունենան: Եթե որեւէ երկրի բարձրագույն ղեկավարությունից բացի որեւէ մեկը պետք է ներկայացուցչական մեքենա ունենա, ապա պարզ է, որ դա արտգործնախարարությունն է: Զարմանալի է, որ եթե այդ մեքենան այն ժամանակ կարող էր գնահատվել մոտավորապես 40-45 հազար դոլար, եւ 5 տարի հետո դա ինչքա՞ն կարող էր արժենալ: Դրանից ինչ-որ քաշքշուկներ եւ անամոթ ինչ-որ խոսակցություններ են տարվում, դուք ուզում եք, որ ես կանգնեմ դրանք ինչ-որ հայտարարություննե՞ր անեմ: Արտգործնախարարը շատ ավելի կարեւոր բաների համար կարող է պատասխանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ