Արարատ քաղաքի փողոցներում պլաստիկ շշերի համար նախատեսված էկոտարրաներում մարդիկ նետում են նաև կենցաղային աղբ և ապակե շշեր:
Ոմանք դա բացատրում են նրանով, որ էկոտարրաները տեղադրված են միայն քաղաքի կենտրոնում և սովորական աղբարկղերից բավական հեռու են: «Դատարկ շիշը հո չեմ ֆռռացնելու հետս ամբողջ քաղաքում, որ գցեմ հատուկ աղբամանում»,-ասում է Արարատի բնակիչ 17-ամյա Էդգարը:
2012 թ-ի մայիսի վերջին Արարատի առավել բանուկ փողոցներում տեղադրվել է 60 էկոաղբարկղ: Քաղաքապետի խորհրդատու Ադիբեկ Խուրշուդյանի խոսքով՝ դրանք տեղադրվել են հիմնականում առևտրի և սննդի օբյեկտների տարածքում: Դրանց տեղադրման ակցիային մասնակցել են նաև 2-րդ և 1-ին դպրոցների աշակերտները:
«Այս ծրագրի նպատակն էր հիմնականում դպրոցականների օգնությամբ և օրինակով բնակչությանը տեղեկացնել, որ պլաստիկ շշերն այսուհետ պիտի նետվեն հենց այդ աղբարկղերը»,- նշում է ակցիայի մասնակից 13-ամյա Ժենյա Բալայանը:
Հավաքված թափոնները հանձնվում է «Քլինլենդ» ընկերությանը, որը 2009թ.-ից զբաղվում է աղբի տեսակավորմամբ եւ վերամշակմամբ: Աշխատանքների արդյունքում նախաստեսված է պլաստիկ շշերի առանձնացում կենցաղային աղբից, իսկ քաղաքապետարանները ոչնչով չեն տուժելու՝ ունենալով տարեկան 700-800 հազար դրամի շահույթ:
Ըստ Խուրշուդյանի՝ մինչև այսօր Արարատ քաղաքից «Քլինլենդ»-ին է հանձնվել մոտ 1 տոննա պլաստիկ շիշ՝ մեկ կիլոգրամի դիմաց ստանալով 70-80 դրամ:
«Չկա շշերը հանձնելու հստակ սահմանված ժամանակացույց: Հանձնում ենք այն ժամանակ, երբ աղբամանը լցվում է»,- ասում է նա:
ԱՄՆ ՄԶԳ-ի և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի նախաձեռությամբ 2011 թ-ի մարտից ավելի քան 1000 էկոաղբամաններ են տեղադրվել Վանաձորում, Հրազդանում, Ալավերդիում, Սևանում, Ծաղկաձորում, Արարատում, Չարենցավանում, Արտաշատում, Աշտարակում, Բերդում, Էջմիածնում, Արմավիրում, Սիսիանում և Դիլիջանում: Արդյունքում հավաքել և վերամշակել է մոտ 80 տոննա ՊԷՏ թափոններ:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևայի խոսքով՝ այս ծրագրով լուծվում է ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական խնդիր:
Բնապահպաննական վերլուծությունները ցույց են տալիս, որ պլաստիկ շշերը և պոլիէթիլենային տոպրակները չեն քայքայվում ավելի քան 1000 տարվա ընթացքում:
Այս թափոնների պատճառով աշխարհում ամեն տարի 1 մլն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ են սատկում:
Չնայած Հայաստանում էկոիրավիճակն այդչափ աղետալի չէ, սակայն բնապահպանները մտահոգ են. Երևանում ամեն տարի մոտ 3000 տոննա ՊԷՏ թափոններ են նետվում աղբավայրեր: Թափոնները տեսակավորելու, դրանք վերամշակելու, հետևաբար էկոսպառնալիքը չեզոքացնելու համար այս ծրագրով նախատեսված է էկոաղբամաններ տեղադրել նաև Հայաստանի մյուս քաղաքներում:
Ագնես Գասպարբեկ` (mynews.am)