Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ վարչապետին. «Ձերոնց գյամերը մի քիչ քաշեք»

Հոկտեմբեր 03,2012 17:38

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը վարչապետին հարցրեց. «Բամբակաշատի հանցագործության հետ կապված ամսի 21-ին հարց եմ ուղղել, նամակս ստացել եմ 28-ին: Սա վերաբերմունք չէ, 24-ին, 25-ին մակագրում են, 28-ին տալիս ինձ, երբ այդ հարցի մտահոգությունն անցել է: Խախտում չկա, բայց քանի որ ամբողջ մամուլում հանցագործության խնդիր կար, պատգամավորի խնդիր կար: Ես դիմել եմ՝ բարի եղեք պատասխանեք: Սա վերաբերմունքի խնդիր է: Բյուջեի կատարողականի հաշվետու ժողովներին էլ անպատասխանատու վերաբերմունք կար պատգամավորների նկատմամբ: Հարցերին չէին պատասխանում: Պարո՛ն վարչապետ, վերաբերմունքի մասին է խոսքը: Կառավարությունը ուզի թե չուզի՝ պատասխանատու է այս հիմնարկի առաջ: Կառավարությունը հաշվետու է այս հիմնարկին: Ես հաշվետու չեմ իրենց, ես հաշվետու եմ ուրիշ տեղ: Ձերոնց գյամերը մի քիչ քաշեք կամ Դուք էլ մի քիչ հարգանքով վերաբերվեք այս հիմնարկի նկատմամբ»:

Վարչապետը հորդորեց հիշատակել մի դեպք, երբ իրենք անհարգալից են եղել պատգամավորների նկատմամբ. «Չնայած պրովոկացիաներ եղել են, անհարիր արտահայտություններ կառավարության հասցեին: Արտահայտություններ եղել են, որոնք վիրավորական են ցանկացած հայ մարդու համար: Այսօր էլ լսեցինք, որ պետբյուջեի հաշվետվությունը համարվում է աղբ: Ես հենց այդ օրը հանձնարարություն եմ տվել ոստիկանապետին ու շատ հարգալից եմ գտնվել ձեր նկատմամբ: Անհապաղ այդ հանձնարարականը ես տվել եմ: Հո չի՞ կարելի այս ամբիոնը օգտագործել՝ այս դահլիճին ոչ հարիր արտահայտություններ անելու, մանավանդ, որ այս ամեն ինչին հետեւում է մեր ժողովուրդը: Խնդրում եմ ինչքանով որ մենք ենք հարգալից ձեր նկատմամբ, նույնը դուք պահպանեք»: Ըստ վարչապետի, պատասխաններ իրենք տալիս են եւ ուրիշ բան, որ այդ պատասխանները չեն բավարարում ՀԱԿ պատգամավորներին. «Եթե դատենք, այն պահանջներին, որ դուք ներկայացնում եք, ի՞նչ պատասխաններ պետք է տանք, որ բավարարենք ձեր հարցադրումներին: Ես կարծում եմ, որ երկրագնդի վրա այդպիսի մարդիկ չկան: Միգուցե մի քանի հոգի կան ձեր ֆրակցիայում, որոնք կարող են կոմպետենտ ձեւով պատասխանեն, բայց այդպիսի դեպքեր չեն եղել, որ կառավարության անդամները խուսափեն պատասխաններից»::

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031