Պայթյունների հետևանքով զոհվել է 27, վնասվածքներ ստացել ավելի քան 70 մարդ
Սիրիայի ամենամեծ քաղաքի՝ Հալեպի կառավարական ուժերի կողմից վերահսկվող հատվածում իրականացված երեք պայթյունների հետևանքով զոհվել է 27, վնասվածքներ ստացել ավելի քան 70 մարդ:
Հալեպում չորեքշաբթի օրն իրականացված պայթյունների թիրախն էր զինված ուժերի սպաների քաղաքում գտնվող ակումբը:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» ընդդիմադիր իրավապաշտպան կազմակերպության համաձայն, պայթյունի զոհ է գնացել ավելի քան 40 մարդ:
Կարդացեք նաև
Կառավարական հեռուստաընկերությունների կողմից հեռարձակվող տեղեկությունների համաձայն, պայթյունի հետևանքով մեծ վնաս է հասցվել մի քանի շինության:
Պետական լրատվամիջոցներն այս պայթյունների իրականացման համար պատասխանատվությունը դրել են ահաբեկիչների վրա:
Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Լախդար Բրահիմին գալիք շաբաթ նախատեսում է վերադառնալ տարածաշրջան՝ վերսկսելու Սիրիայում արդեն 18 ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելուն ուղղված իր ջանքերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը երեքշաբթի օրը հայտնել է, որ Բրահիմին իր գործունեությունն իրականացնելու է Կահիրեից: Էլիասոնի համաձայն, ՄԱԿ-ը ցանկանում է, որպեսզի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը դադարեցնի բռնությունները, և նույն քայլի դիմեն նաև ընդդիմության ուժերը:
Լիբանանի աղբյուրների փոխանցմամբ, ինչպես նաև Սիրիայի ակտիվիստների վկայությամբ երեքշաբթի օրը հայտնի է դարձել, որ Սիրիայի Քուսեյր քաղաքի մոտակայքում ապստամբների կողմից իրականացված գործողությունների արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ» զինյալների կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներից մեկն ու երկու զինյալ:
Սիրիայի ապստամբները մեղադրել են «Հեզբոլլահ»-ը նախագահ Ասադին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»