Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Սարգսյանին. «Պարո՛ն Սարգսյան, դուք հեռուստացույց չե՞ք նայում կամ Youtube չե՞ք դիտում»

Հոկտեմբեր 03,2012 17:34

Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց. «Բյուջեի կատարողականի ժամանակ հանդես գալիս ասացիք՝ ծախսերը կատարվում են թափանցիկ, արդյունավետ: Պարոն Սարգսյան, դուք հեռուստացույց չե՞ք նայում կամ Youtube չե՞ք դիտում: Նախագահը դիմել է ձեզ, ասել, որ Տիգրան, ես շատ դժգոհ եմ ձեզանից: Խոսքը վերաբերում է ատկատներին: Հիմա կա՞ն ատկատներ: Երբ ասում եք արդյունավետ, նկատի ունեք նաեւ ատկատների՞ արդյունավետությունը»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Իմ ելույթում, երբ ես ներկայացնում էի բյուջեի հաշվետվությունը, ես նշեցի, որ աշխարհում շատ քիչ պետութունների շարքում ենք, որ օնլայն ռեժիմով բյուջեի ծախսերը հասանելի են դարձրել հասարակության համար: Դա ամենեւին չի նշանակում, որ մենք չունենք բացթողումներ հենց գնումների ոլորտում: Մենք այդ բոլոր բացթողումները, թերությունները կկարողանանք ժամանակին լուծել: Այո, մենք գնումների ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ: Ես համոզված եմ, որ մեր քաղաքական թիմն ի վիճակի է այդ խնդիրները լուծել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, 2009-ին կառավարության ամանորյա նիստի ժամանակ խոսում էին, որ խոշոր բիզնեսը պետք է հարկային դաշտ բերվի, ստվերը կրճատվի, «բայց այս տարիներին ոչ մի շարժ չունենք: Թույլ տվեք կանխատեսել, որ դա հերթական խորհրդացությունն է եւ որեւէ արդյունք չի տալու»:

Տիգրան Սարգսյանը չհամաձայնեց. «Ձեր կանխատեսումների հետ համաձայն չեմ: Այո, կան բնագավառներ, որտեղ մենք չունենք հաջողություններ, ունենք ձախողումներ, բացթողումներ: Մենք ձեզ հետ միասին պետք է գտնենք պատճառները, գտնենք ուղիներ: Մենք ինքներս ենք բացահայտում այդ պրոբլեմները, բացթողումները: Բայց առաջընթաց կա, մեզ չեն բավարարում տեմպերը: Այդ առումով ձեր քննադատությունը տեղին է»:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերում էր գազի գների հնարավոր բարձրացմանը: Հարցին՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գազի գինը չի փոխվի՝ վարչապետը պատասխանեց. «Այսօր էներգետիկայի նախարարությունը բանակցային գործընթացում է գտնվում իր ռուս գործընկերների հետ: Երբ ավարտվեն բանակցությունները՝ դրա մասին կտեղեկացվի: Գազի գնի շուրջ գոյություն ունեն Ռուսաստանի կողմից սահմանված խաղի կանոններ: Այս պահի դրությամբ դեռեւս բանակցությունները չեն ավարտվել: Գազի գները որոշվում են բանաձեւով: Այդ բանաձեւը ենթադրում է, որ շուկայական կոնյունկտուրայի փոփոխությունից ելնելով՝ գազի գինը կարող է բարձրանալ, կարող է եւ իջնել: Այդ հարցը քննարկվելու է նաեւ ԱԺ-ում, որտեղ հնարավորություն կունենաք մանրակրկիտ ծանոթանալ ռուս գործընկերների կողմից բերված փաստարկների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031