Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրածդ երաժշտական ոճը խոսում է քո մասին

Հոկտեմբեր 03,2012 17:38

 Աշխարհում գրեթե բոլորն իրենց առօրյան չեն պատկերացնում առանց երաժշտության, իսկ երբ նրանցից մի մասին հարցնում ես` ինչ է երաժշտությունը, հստակ չեն կարողանում պատասխանել` առանց հստակեցնելու, թե ինչից է այն բաղկացած և ինչ ազդեցություն կարող է ունենալ մարդու հոգեբանության վրա:

Երաժշտությունը և ձայնը մարդկային զարգացման` էվոլուցիայի մասն են և սկսվում են յուրաքանչյուր շարժումից (ձեռքերի հարվածից, ձայնալարերի հպումից և այլն): Մարդկությունը դեռ հնուց հասկացել է երաժշտության հզոր ուժն ու ազդեցությունը մարդու հոգեբանության և, առհասարակ, արտաքին աշխարհի ամեն մի շնչավոր առարկայի վրա: Երաժշտության այդ առանձնահատկությունն օգտագործվել և օգտագործվում է թե´ մարդկանց հույս ներշնչելու, բուժելու և հանգստացնելու, թե´ նրանց վերահսկելու և կառավարելու նպատակով:  Գիտնականները կարողացել են ապացուցել, որ երաժշտությունը փոխանցվում է մարդու ուղեղ` բացելով նոր ուղիներ և «ցանցեր», ինչը չի անում սովորական լեզվական հնչյունը: Երաժշտությունը, ակտիվացնելով ուղեղի համապատասխան կենտրոննները, մարդու մոտ առաջացնում է տարբեր զգացողություններ, օրինակ` ուրախություն, տխրություն, զզվանք, հաճելի տրամադրություն և այլն: Իսկ երաժշտական ռիթմի ամբողջական ընկալման համար անհրաժեշտ է գլխուղեղի երկու կիսագնդերի մասնակցությունը և  ակտիվությունը:

Բազմաթիվ հետազոտողներ, տարբեր փորձերից ելնելով, հանգել են այն եզրակացության, որ Մոցարտի ստեղծագործությունները, որոնք կիրառվել են երեխաների և մեծահասակների վրա, ակտիվացնում են ուղեղի երկու կիսագնդերը` թողնելով ավելի շատ դրական, քան բացասական ազդեցություն: «Երբ մարդը լսում է 60բիթս/րոպե տևողությամբ Մոցարտի երաժշտություն, նրա մոտ ակտիվանում է ուշադրությունն ու սովորելու ընդունակությունը: Ուստի քննությունից կամ կարևոր գործնական հանդիպումից առաջ 15 րոպե Մոցարտ (օրինակ` N16 դաշնամուրի սոնատ, N40 սիմֆոնիա) լսելն ավելի արդյունավետ է, քան հանգստացնող մեղեդիների ունկնդրումը», – մեզ հետ զրույցում նշում է ռումինացի հոգեթերապևտ Լաուռենցիու Էնեսկուն: Պարզվում է, որ յուրաքանչյուր մարդու լսած երաժշտությունը բնութագրում է նրա խառնվածքն ու անհատականությունը, իսկ այս կամ այն մեղեդու ընտրությունը կախված է հանգամանքից և մարդու տրամադրությունից: Այդ առիթով մասնագետը կարծում է, որ միայնակ մարդիկ նախընտրում են լսել թեթև ռոք կամ երբեմն աշխույժ, իսկ երեքից ավելի մարդկացով շրջապատվածները` ավելի ռիթմիկ երաժշտություն: Իսկ, թե երաժշտական առանձին ժանրերն ինչ կարող են ասել յուրաքանչյուր ունկնդրի անհատականության մասին, մասնագետները փորձել են դրանք առանձին վերլուծել` ստանալով հետևյալ պատկերը: Այն մարդիկ, որոնք սիրում են լսել ջազ, էքստրավերտ (արտաքին աշխարհին հակված), բարձր ինքնագնահատական, ստեղծագործական ջիղ ունեցող և շփվող մարդիկ են: Դասական երաժշտության կողմնակիցները` ստեղծագործող, հետաքրքիր, եթերային և ինքնամփոփ էակներ են: Ժողովրդական երաժշտության երկրպագուները ջանասեր, հասուն հոգեբանության տեր և ավելի զսպված են, հիփհոփ սիրողներն ուղղակի խենթանում են լինել ուշադրության կենտրոնում` ամեն գնով պաշտպանելով սեփական տեսակետը, հաուզ ոճը նախընտրում են էքստրավերտ, խնջույքների սիրահար և շփվող մարդիկ, պարային երաժշտություն լսում են աշխույժ, ստեղծագործող, երբեմն-երբեմն անքաղաքավարի անձինք, ռեգեի կողմնակիցները բարձր ինքնագնահատական ունեցող, ստեղծագործող, շփվող, բարեհաճ, սակայն ոչ այնքան աշխատասեր անհատներ են, հնդկական երաժշտության երկրպագուները չեն փայլում աշխատասիրությամբ և վստահ չեն սեփական ուժերի վրա, ռաբիսի սիրահարներն ինքնավստահ և բնազդային են, բլուզի նախընտրողները շփվող, բարեհամբույր և սեփական արժեքը գիտակցող անձինք են, ռեփի կողմնակիցներն ունեն բարձր ինքնագնահատական, սիրում են շփվել և ազնիվ են, փոփ լսում են էքստրավերտ, բարձր ինքնագնահատական ունեցող, աշխատասեր և սկզբունքային անձինք, օպերայի նախընտրողները վստահ են, շփվող և բարեհամբույր, ռոքի երկրպագուները ստեղծագործող, ըմբոստ, ուղղամիտ են և ունեն վերացական մտածողություն ու ցածր ինքնագնահատական, ծանր ռոքի` մետալիկայի սիրահարներն ինքնամփոփ, ագրեսիվ, երբեմն էլ թեթևամիտ անձինք են, իսկ խառը ոճի երաժշտություն սիրողներն անկայուն, երազկոտ, նպատակասլաց մադիկ են և ժառանգում են այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով բնութագրվում է երաժշտական այս կամ այն ժանրը: Ի լրումն այդ ամենի, մասնագետների խորին համոզմամբ, երաժշտական ճաշակն անմիջապես կապված է տարիքի, մարդու զարգացման և ազգային մշակույթի հետ: Իսկ դա նշանակում է, որ որևէ մեկի լսած երաժշտության բուն էությունն առանց հասկանալու` չպետք է արագ անցնել քննադատության կամ պարսավանքի:

 

Ելենա Չոբանյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031