Օրերս Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասուլիսում հայտնեց, որ կրկեսի նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել եւ ի տարբերություն նախորդի, նոր նախագծով կրկեսն ավելի ընդարձակ ու բարձրահասակ է լինելու:
Aravot.am-ը կրկեսի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե նախագծային փոփոխությունների պարագայում ներդրումային ծրագիրը որքա՞ն գումարով է ավելանալու: «Երեւանյան կրկես» ընկերության գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը մեր զրույցում վստահեցրեց, որ լրացուցիչ նախագիծը առայժմ մշակման փուլում է եւ պատրաստի նախագծի հիման վրա է ձեւավորվում շինարարության արժեքը. «Այդ ժամանակ նոր միայն կարող ենք խոսել գումարներից: Ըստ նոր նախագծի, կրկեսը ստորգետնյա ավտոկայանատեղի է ունենալու, ծավալներն են ավելանալու, տեխնիկական վերազինում է լինելու»: Մեր հարցին, թե գոնե մոտավոր հաշվարկներով որքա՞ն գումարների մասին է խոսքը, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց` համարյա կրկնակի:
Նշենք, որ երբ նոր էր մասնավորեցվում պետկրկեսը, ներդրումային փաթեթը մոտ 6 միլիոն դոլարի չափ էր, սակայն ավելի ուշ արդեն խոսք էր գնում 10 միլիոն դոլարի մասին:
Կարդացեք նաև
Կրկեսը կառուցվում է «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի հովանավորությամբ:
Պարոն Հովհաննիսյանի տվյալներով, նոր կրկեսի շինարարությունը կավարտվի 2014 թվականի վերջին: Մոտ մեկ ու կես ամսից էլ կրկեսի տարածքը կմաքրվի պայթեցրած շենքի շինանյութերից: Մինչ կրկեսի նոր շենքը պատրաստ կլինի, կրկեսի կենդանիները հյուրախաղերի կլինեն արտերկրում:
Մեզ հետ զրույցում կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն ասաց, որ կենդանիների մի մասն էլ ներկայումս ի պահ են տրվել ձիարշավարանին: Ըստ Սոս Պետրոսյանի, հենց որ կրկեսի «մանեժը» պատրաստ լինի, նոր կենդանիներ էլ են բերելու. «Ջայլամներ, լամաներ, ուղտ ենք ունենալու»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ