26-ամյա Ջորջը արդեն մի քանի ամիս է` աշխատում է երեւանյան սուպերմարկետներից մեկում` որպես սպասարկող: Հայաստան է ժամանել մեկ տարի առաջ Հարավաֆրիկյան Հանրապետությունից` շրջագայելու նպատակով: Այս ընթացքում հասցրել է սովորել մի քանի բառ, հասկանում է հայերեն, բայց խոսել չի կարողանում: Ասում է, թե անպայման սովորելու է, որովհետեւ շատ է հավանել Հայաստանը. «Ես ֆուտբոլիստ եմ: Երկար տարիներ Աֆրիկայում ֆուտբոլով եմ զբաղվել, բայց ինչպես Աֆրիկայում, փաստորեն այնպես էլ Հայաստանում մեջը փող չկա: Աֆրիկայում աշխատանք կա, բայց շատ ծանր, ֆիզիկական գործեր են»,-անկեղծանում է Ջորջը: Սիրով է անում այն աշխատանքը, որով այժմ զբաղվում է: Շատ է հավանել հայերին եւ հաճույքով է կատարում իր գործը. «Հայերը շատ բարի եւ ուշադիր են: Ասեմ, որ շատ սիրուն ու համեստ են հայ աղջիկները: Այստեղ մարդիկ քեզ չեն կոպտում, հարգալից են վերաբերվում եւ դու քեզ լավ ես զգում»: Մշտական գնորդներին էլ դեմքով ճանաչում է, թեեւ չի կարողանում զրուցել, քանի որ ոչ բոլորը կարող են անգլերեն խոսել: Գնորդներն էլ չեն դժգոհում երիտասարդի աշխատանքից. «Ինձ դուր է գալիս այս տղայի սպասարկման ձեւը: Շատ շնորքով եւ խնամքով իր գործը անում է: Լավ կլիներ, որ մեր հայերը, ինչո՞ւ չէ, նաեւ հենց գործընկերները օրինակ վերցնեին այս տղայից»,-ասում է 56-ամյա գնորդ Լարիսա Ստեփանյանը:
Ջորջը դեռ չգիտի, թե որքան է մնալու Հայաստանում եւ շարունակելու իր աշխատանքը, բայց մի բան պարզ է` նրան դուր են եկել թե’ Հայաստանը, եւ թե մարդիկ, եւ առաջիկայում ցանկություն չունի վերադառնալու իր հայրենիք:
Քրիստինա Միրզոյան