«Միացյալ Նահանգները շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին երեկվա խորհրդարանական ընտրություններին նրանց խաղաղ եւ ակտիվ մասնակցության կապակցությամբ։ Սա պատմական օր էր բոլոր վրաստանցիների եւ Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար», – երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Մենք սատարում ենք ԵԱՀԿ-ի Ժողովրդավական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտարկման առաքելությունը եւ նրա գնահատականը, որ Վրաստանի ժողովուրդը քվեատուփերում ազատորեն արտահայտել է իր կամքը։ Եվ մենք հորդորում ենք իշխանություններին` վերջնական արդյունքները ամփոփել եւ բողոքները քննել թափանցիկ եւ օրենքի իշխանությանը համապատասխան», – ասված է հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում։
Քլինթոնը Միացյալ Նահանգների կառավարության անունից կոչ է անում բոլոր կողմերին «նոր խորհրդարանում միասին աշխատել կառուցողաբար` խթանելու Վրաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացումը», եւ Վրաստանի նոր խորհրդարանի, կառավարության ու նախագահի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում։
«Ազատություն» ռադիոկայան