ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրեց Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Ջին Չարլզ Գարդետոյի պատրաստած՝ ընտրությունները ավելի ժողովրդավար կազմակերպելու մասին զեկույցի վերաբերյալ Մշակույթի, գիտության, կրթության և մեդիայի հանձնաժողովի դիտարկումները: Մինչ զեկույցի մասին հանձնաժողովի լրամշակումները ներկայացնելը, տիկին Փոստանջյանն անդրադառնալով ՀՀ-ում այս առումով տիրող իրավիճակին՝ հայտարարեց. «Այժմ էլ շարունակվում են բռնություններ կիրառվել, ինչը հիմնականում իշխող կուսակցության կողմից քաղաքական կամքի սղության պատճառ է: Հիմնական բռնությունները միտում ունեն տեղի ունենալ նախընտրական ժամանակահատվածում: Վարչական ռեսուրսի կիրառում, ԶԼՄ-ներում ոչ հավասար ներկայացվածություն, բռնություններ և ճնշումներ ընտրողների ու թեկնածուների նկատմամբ, քվեների գնում, արտասահմանում բնակվող քաղաքացիների համար ընտրական իրավունքների կիրառման հնարավորության սղություն. այս բոլոր գործոնները խոչընդոտում են երկրում ժողովրդավար ընտրությունների անցկացմանը: Ցավոք, բայց վերոնշյալ բոլոր խնդիրները դեռ շարունակում են գոյութուն ունենալ հայ հասարակության շրջանում»:
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն էլ մինչ իր ելույթի բուն թեմային անդրադառնալը, շնորհավորեց Վրաստանին՝ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների առթիվ: Լ. Զուրաբյանը նկատեց, որ Հարավային Կովկասում Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ ունենք ժողովրդավարական եղանակով տեղի ունեցած իշխանափոխության օրինակ: Խոսելով ՀՀ խորհրդարանական ընտրությունների մասին՝ պարոն Զուրաբյանը ցավով նշեց. «Նույն իրավիճակին, ինչ Վրաստանում, ՀՀ-ն չկարողացավ հասնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մեր երկրում իշխող կուսակցությունը ողջ Եվրոպայում միակն է, որ չնայած միջազգային տնտեսական ճգնաժամին՝ կարողացավ նաև բարելավել ներկայացվածությունը ԱԺ-ում՝ նախկին 33 տոկոսի փոխարեն այժմ ունենալով 44 տոկոս»:
Պարոն Զուրաբյանը նշեց, որ սա ՀՀ-ում գոյություն ունեցող միակ պարադոքսը չէ և հավելեց. «Չնայած վերջին 20 տարվա ընթացքում ՀՀ-ում ժողովրդագրական ցուցանիշներն անկում են ապրում, մինչդեռ ԿԸՀ-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն աճում է: Այս երկու պարադոքսներն ունեն մեկ բացատրություն. ժողովրդագրական ցուցանիշները չեն համընկնում ընտրությունների մասնակցած անձանց պաշտոնական տվյալներին»:
Կարդացեք նաև
Պարոն Զուրաբյանը թվային տվյալներով ներկայացրեց, թե ինչպես են կեղծվել ՀՀ խորհրդարանական ընտրությունները, հիշատակեց 2008-ի նախագահական ընտրությունների կեղծիքների մասին ու մարտի 1-ին գրանցված 10 զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ