Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով՝ նոր պաշտպան (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 03,2012 16:10

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ  այսօր պետք է շարունակվեր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված Վահե Ավետյանի գործով դատաքննությունը: Դատարան էին բերվել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը: Արմեն Բաղդասարյանի պաշտպանությունը ստանձնած Հովհաննես Հարությունյանի փոխարեն դատարան էր ներկայացել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղարշակ Գեւորգյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-ի թվագրությամբ դատարանը ստացել  է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի դիմումը, որով հրաժարվել է Հովհաննես Հարությունյանից եւ լուծարել նրա հետ իր պայմանագիրը:

Ըստ էության, պետք է դատարան ներկայանար նաեւ Հովհաննես Հարությունյանը, սակայն դատարանը ստացել էր նրա գրությունը, որով հայտնել էր, որ իր պաշտպանյալի հետ պայմանագիրը խզել է, ուստի նա չի կարող մասնակցել դատական նիստի:

Վաղինակ Գեւորգյանի ներգրավումը նշանակում է երեք հատորանոց գործի նյութերին ծանոթանալ, որը նա չէր ստացել եւ տեղյակ չէր, թե դատարանում գտնվող մայր գործը եւ իրեն հանձնվելիք գործի նյութերը արդյոք ամբողջական են, այսինքն՝ համապատասխանաբար 303, 311 եւ 429 էջից են բաղկացած, թե ոչ: Ուստի նա խնդրեց ողջամիտ ժամկետ՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Չգիտես ինչու, ողջամիտ ժամկետը ընկալվեց հոկտեմբերի 10-ը, այսինքն՝ հերթական  չորեքշաբթին, ինչի դեմ ընդվզեց փաստաբանը, ասելով, որ Հայաստանում չի գտնվի մի փաստաբան, որ կարողանա 4 աշխատանքային օրվա ընթացքում ծանոթանալ այդ ծավալի գործի նյութերին: Նա ասաց, որ չի ուզում ձեւականորեն մասնակցի ամսի 10-ի նիստին, քանի որ պիտի հասցնի ծանոթանալ գործի նյութերին, հանդիպել իր պաշտպանյալին, ճշտել իրենց մարտավարությունը. «Առանց ծանոթանալու գործի նյութերին, հո չե՞մ գնա հանդիպելու, սիրուն աչքերի՞ն նայեմ, չեմ գնա: Նյութ պիտի ունենամ քննարկելու»:

Դատական նիստին չէին մասնակցում տուժողներ Արտակ Բայաթյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը, Էդգար Նիկոյանը, տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանը եւ նրա ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Սակայն դատարանը որոշեց ոչ միայն   հոկտեմբերի 10-ին նշանակել հերթական դատական նիստը, այլ նույնիսկ նշանակեց եւս մեկ նիստ՝ հոկտեմբերի 22-ին:

PrevPhoto
NextPhoto

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031