«Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն այսօր «Նոյյան տապանում» անդրադարձավ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի հերթական՝ «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմին, որն ըստ հեղինակի՝ «նվիրումի և սիրո համեստ արգասիք է»:
Տիկին Շառոյանը հատկապես կարեւորեց «Հայ-Արտի» ֆիլմարտադրության ծրագրերը, մասնավորապես՝ «Հնագույն նվագարաններ», «Անցյալ կատարյալ» եւ «Խոսիր ինձ հետ» նախագծերը:
Հեղինակն ասաց, որ «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմը նվիրել է դերասանի 77-ամյա հոբելյանին. « Շարքը կոչվում է «Խոսիր ինձ հետ», քանի որ նպատակ եմ ունեցել լսել հայ անվանի հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների լռության ձայնը եւ հասանելի դարձնել այն նաեւ մյուսներին: Էկրանին մենք տեսնում ենք Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած կերպարները, ոչ թե նրա փիլիսոփայական ընկալումները եւ աշխարհայացքը: Ֆիլմը նկարահանել եմ իմ արխիվային նյութերի հիման վրա»:
Կարդացեք նաև
Հեղինակը հավելեց, որ «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմը պարունակում է նաեւ դրվագներ Ջիգարխանյանի խաղացած ֆիլմերից եւ նկարահանումներից. «Խոսիր ինձ հետ» նախագծի շրջանակում ֆիլմեր եմ նկարահանել նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Հովհաննես Չեքիջյանի մասին, ովքեր ցանկություն չեն ունեցել կիսվել լրագրողների հետ եւ արտահայտել իրենց մտորումները»:
Խոսելով նկարահանումներից ստացած անձնական ապրումներից՝ Ռիտա Շառոյանն ասաց, որ Ջիգարխանյանի հետ զրույցներում գտել է իր համար կարեւոր կենսաբանաձեւեր. «Ջիգարխանյանը դեռեւս 90-ականներին էր ասում, որ մենք պետք է իրարով ապրենք: Առհասարակ, նրա կարծիքը կարող է բոլորիս համար օրինակ ծառայել, քանի որ նա շեշտը դնում է անկեղծության վրա եւ ասում, որ կերպարը ստանձնելուց ոչ թե խաղում, այլ ապրում է այն: Ջիգարխանյանը մեծ շնորհի տեր անհատ է»:
Անդրադառնալով «Հայ-Արտի» մյուս նախագծերին, Շառոյանը հայտնեց, որ «Հնագույն նվագարանների» եւ «Խոսիր ինձ հետի» շրջանակում մինչ տարեվերջ հանդիսատեսի դատին կհանձնվեն, համապատասխանաբար, «Բամբիռ եւ փամբիռ» եւ «Գալյա Նովենց» ֆիլմերը. «Երբ մայիսին Նովեցը եկավ Հայաստան, այդ նկարահանումները վերջինն էին նրա կյանքում»:
Հեղինակն ուրախությամբ փաստեց, որ իր ֆիլմերը պատրաստակամ են ցուցադրել նաեւ մարզերի մշակութային կենտրոնները: Հավելենք, որ «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ