ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ «Երիտասարդների ավյունը» խորագրով ասուլիս, նվիրված Հայաստանի փայլուն մասնակցությանը Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերին:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մրցույթը բաց, ԱՊՀ տարածքում մշակութային օլիմպիական խաղ էր. «Մենք միշտ ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերել եւ հաղթանակներ ենք ունեցել, մեր թիմը ուժեղ, բայց բավական համեստ կազմով հանդես եկավ: Մասնակիցների հետ աշխատել էր հմուտ ստեղծագործական թիմ եւ մեր մշակութային կրթական դպրոցը եւս մեկ ձեռքբերում ունեցավ»:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը նշեց, որ մրցակիցները շատ լուրջ պատրաստված էին. «Հայաստանը, մասնակցելով փոքր պատվիրակությամբ, հաղթեց եւ գրավեց պատվավոր հորիզոնականներ: Հրավերը ստացել ենք ուշ եւ կարճ ժամանակում ստեղծել ենք բարձր մակարդակի հզոր թիմ»:
Հարությունյան Քրիստինան «Դասական պար» անվանակարգում ստացավ 1-ին մրցանակը եւ ոսկե մեդալ. «Ընդամենը 20 օրում հասցրեցինք պատրաստվել եւ ներկայանալ: Տարբեր պատվիրակություններից մեզ մոտենում եւ ասում էին, որ մեր թիմը հիանալի է պատրաստված: Մասնակցում էի առաջին անգամ ու պատվով դուրս եկա, ոսկե մեդալ բերեցի իմ երկրին, տրամադրությունս շատ բարձր էր ու վստահ էի ինձ զգում: Մրցույթը ինձ մեծ փորձ ու գիտելիք տվեց»:
Դելփյան խաղերը մանկապատանեկան կատարողական արվեստի ասպարեզում միջազգային ամենահեղինակավոր ստուգատեսն է, որին մասնակցությունը, առավել եւս՝ մրցանակային տեղ գրավելը, պատիվ է մասնակից տասնյակ երկրներից յուրաքանչյուրին:
2002 թ. սկսած՝ ԱՊՀ երկրներում պարբերաբար կազմակերպվում են Դելփյան խաղեր: Հայաստանը առաջին իսկ օրվանից ակտիվորեն մասնակցել է դրանց եւ թիմային հաշվարկով միշտ զբաղեցրել պատվավոր տեղեր: Իսկ 2010թ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված Դելփյան խաղերում մեր երկիրը նվաճել է 36 մեդալ՝ գրավելով 1-ին տեղը: Սեպտեմբերի 24-29-ը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել են 2012թ. ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերը: Մասնակցության հայտ էին ներկայացրել ավելի քան 20 երկրի 700 մասնակից: ՀՀ մշակույթի նախարարությունը այս տարի Ղազախստան էր գործուղել 17 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ 9 մասնակից՝ 6 անվանակարգերում /դասական երգեցողություն, դաշնամուր, կերպարվեստ, սաքսոֆոն, դասական պար, կրկես/:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ