«Ագրեսիվ կարելի է համարել ժամանակակից մուլտֆիլմերը, ինչն էլ ուղղակիորեն արտացոլվում է երեխաների մեջ: Այնտեղ կռվում են, նվաստացնում իրար, խփում, նույնիսկ զենքերի տեսակներն են շատ սարսափելի պատկերված, նայում վախենում ես, ու դա երեխաների վրա բացասաբար է անդրադառնում»,- այսօր «Արմատ» ակումբում, խոսելով հեռուստաարտադրանքի թողած ազդեցության մասին, ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Հեռուստասերիալներում ագրեսիա այդքան էլ չկա, համոզված է նա. «Ընդհանրապես չեմ կարծում, թե հեռուստասերիալներում ցուցադրվածը բարձրացնում է հասարակության ագրեսիվությունը, ես նմանատիպ լուրջ հետազոտության դեռեւս չեմ հանդիպել: Այնտեղ ուղղակի ներկայացված է մաֆիա: Հեռուստասերիալներում ցուցադրվածը, դեռ չի նշանակում, որ այն կրկնօրինակման առարկա է դառնում»,-նշեց Խուդոյանը, հավելելով, որ
սերիալներում իրական կյանքն է ցուցադրվում, բայց ուռճացված ձեւով:
Ըստ նրա, այն վիճակը, որ տիրում էր սովետական ժամանակաշրջանում, առանց այս սերիալների էլ սարսափելի էր. «Այն ժամանակ էլ հո սերիալներ չկային, բայց այդ նույն հանցագործ ենթամշակույթը, որը ցուցադրվում է եթերից, այն տարիներին տասնապատիկից ավելի արժեք, հարգանք ու պատիվ ուներ, քան հիմա: Այժմ երիտասարդների համար միայն փողն է կարեւորվում: Բացի այդ, միշտ էլ տղամարդու սիմվոլը համարվել է հանցագործ աշխարհը»:
Կարդացեք նաև
Հոգեբանի ձեւակերպմամբ՝ հանցագործ աշխարհը միշտ էլ հետաքրքրել է ժողովրդին ու այն եթերից ինտիլիգենտ բառերով ներկայացնելը սխալ կլիներ, այդ է պատճառը, որ ներկայացվում է ժարգոնով. «Պետք չէ այդքան բացասաբար վերաբերվել այս հարցերին: Ի վերջո ցուցադրվում է այն, ինչի պահանջարկը կա այսօր»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ