Լրահոս
Օրվա լրահոսը

Որակի մշակույթի ապահովման իդեալական մեխանիզմը` ըստ Ռուբեն Թոփչյանի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2012 15:37

Այսօր Peoplemeter ակումբում Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ Քաղաքականության մշակման եւ իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը խոսեցին Հայաստանում «Կրթության որակի շաբաթի» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքի մեկնարկից: Ռուբեն Թոփչյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների 2-րդ համաժողովը. «2010թ-ին կայացած առաջին համաժողովը տվեց իր արդյունքները` բուհական կառավարման գործընթացը կազմակերպելու հարցում: Այս համաժողովի աշխատանքը շահակիցներին  թույլ կտա փոխանակվել մոտեցումներով. կմասնակցեն Բելգիայի, Շվեյցարիայի, Անգլիայի, Գերմանիայի Որակի ապահովման ազգային կենտրոնների ներկայացուցիչները: Մասնագետները կվերապատրաստեն մեզ»:

Խոսելով որակի ապահովման գործոններից` պարոն Թոփչյանն ասաց, որ որակն ապահովում են ուսանողները,  դասախոսները, բուհի վարչական անձնակազմը եւ  գործատուները. «Ուսանողներն ասում են, որ սովորում են, հանձնում ավարտական քննություններ, սակայն աշխատանքի ընդունվելիս նրանցից պահանջում են  վերապատրաստում: Դասախոսները դժգոհում են դպրոցի տված գիտելիքներից եւ ասում, որ իրենցից պահանջում են կրթության հանդեպ արդի մոտեցումներ: Բուհի վարչակազմն էլ իր հերթին ասում է, որ իրեն մեղադրում են ոչ ճիշտ կառավարման մեջ: Իսկ գործատուն չի կարողանում գտնել իր պահանջներին համապատասխան կադրեր»:

Խնդիրը հստակեցնելու համար Թոփչյանը ներկայացրեց որակի պատասխանատուների իդեալական գործելակերպը. «Ուսումնական հաստատությունը փորձում է ապահովել բուհի բոլոր կարիքները, իսկ ուսանողը կրեդիտների միջոցով լրացնում է ծանրաբեռնվածությունը եւ վեր հանում իր կարիքները: Դասախոսը դասավանդում է ուսանողի կարիքներին համապատասխան եւ տալիս անհրաժեշտ գիտելիքներ, իսկ գործատուն վերանայում է իր պահանջները եւ ներկայացնում բուհերին: Սրանք որակի մշակույթի ապահովման հիմնական պայմաններն են»:

Խոսելով փորձնական հավատարմագրման գործընթացից` ՈԱԱԿ տնօրենը նշեց, որ օրերս բուհի ինքնավերլուծության փաթեթ են ներկայացրել Երեւանի «Գլաձոր» համալսարանը եւ Ագրարային համալսարանը. «Մինչ 2013թ.-ի վերջ փորձնական հավատարմագրում են անցնելու նաեւ Երեւանի պետական համալսարանը, Բժշկական համալսարանը եւ Ճարտարագիտական համալսարանը: Առհասարակ, ինքնավերլուծությունը լուրջ գործընթաց է ու բուհին հնարավորություն է տալիս վերլուծել բացթողումները»:

Սուսաննա Կարախանյանի խոսքով` վերջին տարիներին ՈԱԱԿ-ի կատարած աշխատանքի արդյունքում չկա այնպիսի բուհ, որը մտահոգված չլինի որակի ապահովմամբ. «Փորձարկումները ցույց են տվել, որ որակի ապահովման անիվը տեղից շարժվել է: Բուհերը ձեռնարկում են քայլեր` կառավարման եւ որակի բարելավման ուղղությամբ: Ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է որակի բարձրացում, եթե, իհարկե, բուհը հասկանում է իր համակարգում առկա խնդիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031