Խնկո -Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հայ գրքի կենտրոն» մշակութային միությունը իրականացնում են «Դարձ առ գիրք» խորագրով գրքարվեստի միջազգային փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող այս միջոցառմանն այսօր մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա Խնկո -Ապոր գրադարանում երեխաների համար ընթերցեց հատվածներ «Փոքրիկների Աստվածաշունչ» գրքից:
«Աստվածաշունչը Աստծո գրվածքներն են, որոնք դարեր շարունակ փոխանցվել են մեզ տարբեր մարդկանց միջոցով: Դա մի գիրք է, որով Աստված խոսում է մարդկանց հետ: Եթե Աստվածաշունչը չկարդաս սրտով եւ տրամադրված, ապա այդ ընթերցանությունը կվերածվի սովորական ընթերցանության: Ես փորձեցի երեխաներին մատուցել ունիվերսալ գիտելիքներ, իսկ դա կուտակված է մեկ գրքում` Աստվածաշնչում: Այն բանալի է մարդու ինքնաճանաչողության համար»,- ասում է Աշոտյանը:
Նախարարը հետը բերել էր նաեւ իր ամենասիրելի գրքերից մեկը` Օմար Խայամի «ռուբաիներ»-ը: Տեսնելով, որ դպրոցականները փոքր տարիքի են` չընթերցեց. «Մենք կհանդիպենք երկու տարի անց, երբ մեծացած կլինեք ու դուրս կգաք մանկական այս էտապից»:
«Անտարես» մեդիահոլդինգի տնօրեն Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այսօր բացվեց լավագույն ավանդույթը պաշտոնյաների համար, բացի դա` դրվեց ընթերցանության մշակույթի վերականգնման սկիզբը. «Շնորհակալություն պարոն Աշոտյան: Կարծում եմ, որ սա լավ օրինակ կլինի Ձեր մյուս կոլեգաների համար: Ես համոզված եմ, որ ունենալու ենք ընթերցող Հայաստան»:
Ընթերցանության ավարտից հետո Արմեն Աշոտյանը ընկերական զրույց ունեցավ երեխաների հետ: Հնչեցրեց տարբեր հարցեր` ուղղված կրթության ոլորտին:
«Գո՞հ եք դպրոցից»,- հարցրեց նա: Երեխաներից մեկը պատասխանեց` այո, միայն շուտ արթնանալն է դժվար: Մեկ այլ երեխա էլ բողոքեց պայուսակների ծանրությունից: Աշոտյանն էլ պատասխանեց, որ իր տղայինն էլ է այդպես, որդին էլ է մրթմրթում, կինն էլ:
«Կա՞ն երեխաներ, ովքեր ցանկանում են դառնալ նախարար»,- հարցրեց նախարարը: Մի քանի երեխաներ ցանկացան, իսկ Արմեն Աշոտյանն էլ խնդրեց, որպեսզի երեխաները իրենց ծնողներին փոխանցեն այն, որ ինքը չի ողջունում այդ ցանկությունը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ