Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ Արցախի Հանրապետություն

Հոկտեմբեր 03,2012 14:29

ԼՂՀ Սահմանադրությունից. հոդված 1-ին, 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է: 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են:

Փոքր ժամանակ որ չարություն էի անում, տատս անիծում էր ինձ՝ «Ազարը քեզ տանի»: Չէի հասկանում այդ անեծքի իմաստը, մինչեւ որ մի օր նրան հարցրի՝ «Բաբո, ի՞նչ է նշանակում՝ ազարը քեզ տանի»: Ասաց, որ ազարը թուրքի թրմացքն է՝ ադրբեջանցիք: 1810 թվականից մինչեւ 1918-ը թուրքերը մեզ հալածում եւ կոտորում էին: Մեր պապերի մեջ արդեն իսկ գենետիկ վախ կար թուրքերից, ու այդ պատճառով էլ արցախցիները ոչ մի պայմանով չեն ապրի Ադրբեջանի կազմում: Աշխարհը մեզ պետք է հասկանա եւ օգնության ձեռք մեկնի, թե չէ՝ ազարը նրան էլ կտանի: Ինչպես որ արդեն շատ երկրներում տանում է՝ ցեցի պես: 1924 թվականից Արցախում վերաբնակեցրել են ադրբեջանցի քոչվորներին, որոնք մեր լեռներում անասնապահությամբ էին զբաղվում: Այդ քոչվորները անասնապահությունից, մեկ էլ սիմի վրա սազի եւ տեփի վրա բողազի կլկլոցներից բացի՝ ուրիշ բան չգիտեին: Ու ապրում էին օբաների մեջ, որովհետեւ ոչ տուն ունեին, ոչ էլ գիտեին, թե տունն ինչ է: Որպեսզի Սովետի հիմքերը ինտերնացիոնալիզմ կոչված ցեմենտով ամրապնդվեին, Ստալինի որոշմամբ մի շարք ազգեր խառնել են իրար՝ ստեղծելով ինքնավար մարզեր ու շրջաններ՝ Արցախի, թալիշների, լեզգինների, քրդերի՝ միավորելով բոլորին նոր՝ Ադրբեջանական Հանրապետության կազմում: Նույն բանն արեցին նաեւ Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ռուսաստանում եւ խորհրդային բոլոր հանրապետություններում:

Այդպիսով էլ հայկական Արցախը դարձավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ: Որպեսզի հայերին եւ ադրբեջանցիներին Կրեմլից կախված պահեն եւ ինտերնացիոնալիզմը հաստատվի որպես խորհրդային գաղափարախոսություն: Քարոզելով աթեիզմ եւ ազգերի եղբայրություն՝ վերացրեցին մեր բոլոր հոգեւոր օջախները, եկեղեցիները՝ դարձնելով գոմեր եւ պահեստներ: Ստացվում է, որ ազերիների պատճառով մեզ՝ արցախցիներիս, ղարաբաղցի են դարձրել, եւ այդ պատիժը մենք պարտադրված կրել ենք 70 տարի: Այդպիսին էին Ստալինի որոշման դառը պտուղները: Եվ այդ պատճառով էլ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ուշադրություն դարձրեք՝ ղարաբաղյան, ոչ թե արցախյան: Դե ֆակտո, Ղարաբաղը գնաց, Արցախը մնաց: Մենք՝ արցախցիներս, մայր հայրենիքից օտարված, Աստծուց էլ զրկված, ստիպված ենք եղել Արցախում բնակեցված ադրբեջանցիներից ազատագրել մեր պապական հողը: Հիմա էլ, հազար փառք Աստծո, Արցախը միացել է մայր Հայաստանին: Եվ նորից, փաստորեն, մի երկիր ենք եւ մի ազգ: Բայց ինչո՞ւ ենք շարունակում կրել Ստալինի կպցրած պիտակը՝ Ղարաբաղ անունով: Աշխարհին էլ թյուրիմացության մեջ ենք գցում: Ադրբեջանին էլ ոսկոր ենք տալիս: Հազարավոր զոհեր եւ հաշմանդամներ ենք տվել մեր ազատության համար, որ մեր սուրբ հողը նորից Լեռնային Ղարաբա՞ղ կոչվի, մենք էլ՝ ղարաբաղցի՞:

Մի՞թե դժվար է պատմական ճշմարտությունը վերականգնել եւ հայտարարել դե ֆակտո եւ դե յուրե Արցախի Հանրապետություն եւ ոչ թե Ղարաբաղի: Այդպիսով, աշխարհի բերանից «Ղարաբաղ» ծամոնը կհանենք եւ Մինսկի խմբի ձեռքը կտանք բանակցությունների բանալին՝ փակելով կեղծ պատմության դուռը: Միեւնույն է, մեզ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ոչ ոք չի ճանաչում: Գուցե Հայաստանը ճանաչի որպես Արցախի պետություն: Առաջարկում եմ հռչակել անկախ Արցախի Հանրապետություն՝ եռագույն դրոշով, մեծ խաչը վրան, որպեսզի Աստված մեզ օրհնի ու պահապան լինի, իսկ մեր լավը չուզողին թող ազարը տանի:

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Պահեստի գնդապետ

Հ. Գ. Իմ կարծիքով՝ նույն սխալն էլ Հայաստանում է կատարվում: Ամբողջ աշխարհը մեզ ճանաչում է որպես Արմենիա, ոչ թե որպես Հայաստան: Ստացվում է, որ տանը՝ անձնագրով, մենք Հայաստանում ենք, բայց դուրսը մեզ Արմենիա են ասում: Անկեղծ ասած՝ շատ անհասկանալի բաներ են կատարվում մեր երկրում: Մենք էլ սուսուփուս հարմարվել ենք այդ երկվորյակային ճակատագրին՝ երկու պետություն, այդ պետությունների երկուական անվանումներ՝ Արցախ, Ղարաբաղ, Հայաստան, Արմենիա, երկու նախագահ, երկու կաթողիկոս, երկու ուղղագրություն, երկու Արարատ…

Իմ կարծիքով՝ մինչեւ որ մենք ամեն ինչը մեկ չդարձնենք՝ մի Ազգ, մի Պետություն, մի Եկեղեցի, մի Նախագահ, մեր վիճակը նույնն է մնալու, եւ ազարն էլ մեզ տանելու է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031