Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին բալետային «կանացի» ոսկին

Հոկտեմբեր 03,2012 14:26

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում սեպտեմբերի 24-29-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական 7-րդ բաց «Դելփյան խաղերում» Երեւանի պարարվեստի պետական քոլեջի սան Քրիստինա Հարությունյանը մինչեւ 16 տարիքային խմբում շահել է ոսկե մեդալ, իսկ առաջին անգամ միջազգային մրցույթի մասնակցած հայաստանցի պարողներից Ազգային օպերային թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը ձեռնունայն է վերադարձել: Նշենք, որ հիշյալ խաղերին 2010թ. մասնակցած քոլեջի սան Մարիամ Քերոբյանը արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Արման Մարգարյանը՝ ոսկե:

«Առավոտին» հասած տեղեկություններով, ի տարբերություն արտերկրյա նման մրցույթների, որտեղ տղաներն ու աղջիկները հանդես են գալիս առանձին, Աստանայում «Դասական պար» անվանակարգում մրցույթը կայացել է առանց սեռային տարբերակման: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, «Դելփյան խաղերի» «Դասական պար» անվանակարգի ժյուրիի նախագահ Արմեն Գրիգորյանը, հաստատելով մեզ հասած տեղեկությունը, ասաց, որ հավանաբար դա պայմանավորված էր մասնակիցների փոքր թվով (15), հավելելով, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մինչեւ 16 տարիքային խմբում արծաթե եւ բրոնզե մեդալների են արժանացել կիրգիզ պարողները, իսկ 16-21-ում՝ ոսկին «գնացել» է Բելառուս, արծաթը՝ Ռուսաստան, բրոնզը՝ Ղազախստան: Ժյուրիի նախագահին հայտնելով մեր տարակույսը Գարեգին Բաբելյանի առիթով, ով շուրջ 1 տարի թատրոնի բալետային խմբի մենապարող է ու զբաղված խաղացանկային ներկայացումներում, պարոն Գրիգորյանի պատասխանը հակիրճ էր. «Մրցույթում հաղթում են լավագույնները»: Ռեպլիկի կարգով էլ ասաց, թե քոլեջի իր սանին՝ Քրիստինային, փուլերից մեկում ամենացածրն ինքն է նշանակել՝ դրանով արժանանալով ժյուրիի անդամներ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վալենտինա Վանտուխի եւ Ղազախստանից դոցենտ Ռինատ Մուսինի հանդիմանանքին:

Հարցին, թե ինչու մինչ «Դելփյան խաղեր» մեկնելը, մյուս երկրների օրինակով, մեզանում չանցկացվեց մասնակիցների բաց ընտրություն, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ շատ ուշ տեղեկացրին մրցույթի մասին՝ ընդամենը 25 օր առաջ: Ինչ վերաբերում է ընտրությանը, այն կատարվել է իմ, ՀՀ ժողովրդական արտիստներ Հովհաննես Դիվանյանի եւ Ռուդոլֆ Խառատյանի համաձայնությամբ»: Թե բալետային աշխարհում ընդունված քոլեջների օրինակով ինչու Երեւանի քոլեջն էլ սեփական ներկայացմամբ չի մասնակցում որեւէ մրցույթի, մեր զրուցակիցն ասաց, որ 2011-ին Դոնեցկում անցկացված մրցույթ-փառատոնի կազմակերպիչ, աշխարհահռչակ Վադիմ Պիսարեւից ունեցել են հրավեր, սակայն ներկայացում չունենալու պատճառով մերժել են («մեղավորը» ֆինանսի բացակայությունն է), ինչը զարմացրել է Պիսարեւին: Արմեն Գրիգորյանը հավելեց, որ քոլեջում սկսվել են Չայկովսկու «Շչելկունչիկի» աշխատանքները, եւ ֆինանսների խնդիր ունեն:

Կապվեցինք «Դելփյան խաղերի» մասնակից Գարեգին Բաբելյանի հետ: Նա փոխանցեց հետեւյալը. «Ինձ համար անհասկանալի էր, որ մրցույթի փուլերը անցկացվում էին համարյա առանց հանդիսատեսի, մինչդեռ պարողին դատում է հենց հանդիսատեսը: Ես մինչեւ եզրափակիչ հասել եմ եւ այն փաստը, որ ոչնչի չեմ արժանացել՝ ինձ չի անհանգստացնում: Աստանայում եղած օրերին երկու անգամ մասնակցեցի տեղի օպերային թատրոնի բալետային խմբի փորձերին, ինչն ինձ շատ բան տվեց: Սա իմ առաջին մասնակցությունն էր մրցույթի, ու վստահ եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է»:

Ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն էլ ընդամենը փոխանցեց, թե ժյուրիի անդամներից մեկից իմացել է (անունը չասաց), որ Գարեգինը լավ է ելույթ ունեցել:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031