Վարդան Օսկանյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական վարչական դատարանը նույնպես մերժեց քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու առնչությամբ փաստաբանի միջնորդությունը: Այդ խնդիրը կարելի է բողոքարկել նաեւ Վճռաբեկ դատարան, բայց նորից դոփելու են բութ պատին: Իմ պատկերացմամբ, առարկայի վերաբերյալ հիշյալ ատյանի հերքումը նույնպես բանավիճելի է, ինչը դիտարկենք ստորեւ:
Նկատենք, որ խնդիրը վերաբերում է քրեական դատավարության օրենսդրությամբ կարգավորվող քրեական գործ հարուցելու ինստիտուտին: Այդ ինստիտուտի էությունը կայանում է նրանում, որ սահմանում է, թե որոնք են քրեական գործ հարուցելու առիթները եւ հիմքերը, ինչպես նաեւ կանոնակարգում է հանցագործության մասին ստացված հաղորդումների քննարկումը եւ այլն: Որպես կանոն, քրեական գործ հարուցելու համար պահանջվում է քրեական գործ հարուցելու առիթը եւ հիմքը: Քրեական գործ հարուցելու առիթ կոչվում է կոնկրետ հանցագործության կազմի հատկանիշ պարունակող նախապատրաստվող կամ կատարված (գործողություն կամ անգործություն) հանցագործության մասին սկզբնական իրազեկումը կամ աղբյուրը: Քրեական գործ հարուցելու համար հիմքը նշանակում է բավարար տվյալների առկայություն, որոնք ցույց են տալիս հանցագործության հատկանիշը: Այս հարաբերությունները կարգավորվում են քրեական դատավարության օրենսդրությամբ, եւ օրենսգրքի 176 հոդվածում թվարկված են քրեական գործ հարուցելու առիթները, դրանք են՝ հանցագործության մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները, հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումը իրենց լիազորությունները իրականացնելիս:
«Սիվիլիթասի» գործը դիտարկելով օրենքի այս պրիզմայով, նկատվում է, որ քրեական գործ հարուցելու առիթը համարվում է հետաքննության մարմնի կողմից իր լիազորությունները իրականացնելիս հանցագործության մասին ստացված հաղորդումը: Հիշեցնեմ, որ դա վերաբերում է առուծախի գործարքից առաջացած 2 մլն դոլարին, որը ԱՄՆ-ում գտնվող սեփականատերը նվիրատվել է «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ բարեգործության նպատակների համար, որից 1,350 մլն դոլարը տարվել է Վարդան Օսկանյանի բանկային հաշվեհամար: Այս պարագայում քրեական գործ հարուցելու առիթը առերեւույթ է, մինչդեռ, ինչպես նշել ենք, քրեական գործ հարուցելու համար պարտադիր է նաեւ քրեական գործ հարուցելու համար հիմքը:
Կարդացեք նաև
Բանը նրանում է, որ դիտարկվող գործով հիմքը, այսինքն՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման հանցագործության հատկանիշը վկայող բավարար տվյալներ չեն եղել եւ դրանց պարզաբանումն ու հաստատումը նախաքննության, այնուհետեւ դատարանի լիազորությունն է:
Քրեական գործ հարուցելու համար հիմքի բանաձեւը գործել է նաեւ նախկին օրենսդրությամբ եւ նշանակում է, որ քրեական գործ հարուցելու համար պարտադիր չէ այն տվյալների առկայությունը, թե ով է կատարել հանցագործությունը, դրանք կարող են ամբողջությամբ բացակայել, այլ անհրաժեշտ է միայն այն տվյալների առկայությունը, որոնք վկայում են հանցագործության դեպքի առկայությունը:
«Սիվիլիթասի» գործով հիշյալ բանաձեւը բանեցվել է ընդհակառակը. քրեական գործ հարուցելու որոշմամբ կանխավ ցույց է տրվել փողերի լվացման հանցագործության հատկանիշը եւ այդ արարքը կատարողին՝ Վարդան Օսկանյանին, երբ այդ դեպքը ակնառու չէ եւ տեղի չի ունեցել: Հիմքի բացակայությունը նկատելի է նաեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում՝ մինչդատական վարույթն իրականացնող պաշտոնյայի փաստարկումներով, թե քրեական գործով պարզվել է, որ հիմնադրամին նվիրաբերված 1,5 մլն դոլարը Վարդան Օսկանյանի կողմից պահվել է, չի մուտքագրել հիմնադրամի հաշվեկշիռ, այլ փոխանցվել է Օսկանյանի բանկային հաշվեհամարին:
Հիշյալ արտաբերումները ինքնին ուրիշ հանցագործության հատկանիշ են վկայակոչում (յուրացում), իսկ փողերի լվանալու հանցագործության հատկանիշը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները օրինականացնելն է, որի մասին բնավ խոսք չկա:
Մեկ մլն երեք հարյուր հիսուն հազար դոլարի թեման բարդույթ չէ, ցանկության դեպքում կարելի է հեշտ ու հանգիստ պարզաբանել: Դրա համար քաղաքացիական իրավահարաբերություններից բխող նվիրատվության պայմանագիրն անհրաժեշտ է գործով ճանաչել ապացույց եւ հետազոտել, թե պայմանագրի մի կողմը՝ ԱՄՆ-ի քաղաքացի նվիրատուն անհատույց ինչ է հանձնել մյուս կողմին՝ նվիրառուին՝ «Սիվիլիթասին», եւ ինչ խոստում է տվել:
Իմիջիայլոց, որեւէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու, կամ որեւէ մեկին գույքային պարտականություններից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր (Քաղաքացիական օրենսգրքի 594 հոդված): Բացառված չէ, որ նվիրատուն ասել է՝ միստր Վարդան Օսկանյան, մեկուկես միլիոն դոլարը բախշում եմ քեզ, պահիր քո բանկային հաշվեհամարում եւ քո հայեցողությամբ տնօրինիր բարեգործության հարցերը կամ ծախսիր անձնական կարիքների համար (դրանով մեկուկես միլիոնի թեման՝ փողերի լվացումը եւ յուրացումը փակվում է):
Եթե նվիրատվության խոստումը եղել է, անհրաժեշտ է նաեւ հարցաքննել նվիրատուին կամ նրա ներկայացուցչին:
Իմ կարծիքով, Վարդան Օսկանյանի եւ Սալբի Ղազարյանի քրեական գործ հարուցելու հիմքը՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումը հատկանիշը վերացնելու առնչությամբ պահանջը օրինական ու արդարացի է, իսկ դատախազության եւ դատական ատյանների հերքումները օրենքից չեն բխում:
Մի հանգամանք եւս. մեր քրեական դատավարության օրենսդրությամբ քրեական գործ հարուցելու համար հիմքի սահմանումը ամրագրված չէ, ինչը անհիմն քրեական գործ հարուցելու նպաստավոր պայման է եւ լրացման անհրաժեշտություն ունի: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության համապատասխան նորմը կոչվում է քրեական գործ հարուցելու առիթները եւ հիմքերը (140 հոդված) եւ կառուցված է երկու մասից: Երկրորդ մասում ամրագրված է քրեական գործ հարուցելու համար հիմքի սահմանումը՝ հիմքը համարվում է բավարար տվյալների առկայությունը, որոնք ցույց են տալիս հանցագործության հատկանիշ:
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա
«Առավոտ» օրաթերթ