«Մենք՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներս, շուրջ 24 տարի բնակվում ենք անմարդկային պայմաններում։ Այն կացարանները, որոնք տարիներ առաջ հյուրընկալ ընդունել են մեզ, ժամանակի ընթացքում դարձել են բնակության համար ոչ պիտանի։ Հանրակացարանային շենքերից շատերում չեն գործում սանհանգույցները, ջրագծերը, չի կատարվում աղբահանություն, շենքերի մի մասը դարձել են վթարային եւ բնակության համար այլեւս պիտանի չեն ու փլուզվելու եզրին են կանգնած։ Մեր ընտանիքների կազմը մեծանում է՝ ամուսնանում են, ունենում են զավակներ, սակայն որեւէ մեկից լրացուցիչ սենյակ խնդրելր անիմաստ է, քանի որ կամ դրա հնարավորությունը չկա, կամ դրա տրամադրելու ցանկությունը չկա շենքերը տնօրինողների կողմից։
2003 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախկին միգրացիոն գործակալության աշխատակիցների կողմից կատարվեց հանրային նշանակության շենքերում բնակվող փախստական ընտանիքների հաշվառում, որի արդյունքում մենք համարվեցինք բնակարանի առաջնահերթ կարիքավորներ, եւ պետությունը պարտավորվեց տրամադրել բնակարան գնելու վկայական (ԲԳՎ)։ Անցել է 9 տարի, սակայն սայլը տեղից չի շարժվել՝ լինելով «ԱՌԱՋՆԱՀԵՐԹ», շարունակում ենք բնակվել օրեցօր վատթարացող պայմաններում։ Մարզերում բնակվող փախստական ընտանիքների համար դեռ 2005-2008 թվականներին տրամադրվեց ԲԳՎ, սակայն ոչ բոլորը ինչ-ինչ պատճառներով կարողացան գնել բնակարան։ Իսկ 2009 թվականից ընդհանրապես դադարեց փախստական ընտանիքների համար բնակարանով ապահովման ծրագիրը, կարծես թե Հայաստանում նման խնդիր ընդհանրապես գոյություն չունի։
Եթե մինչեւ 2008 թվականը Հայաստանում գործում էին փախստականների հարցերով Նորվեգական խորհուրդը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, եւ նրանք բնակապահովության ծրագրեր էին իրականացնում, ապա ավելի քան 4 տարի է՝ Նորվեգական գրասենյակը փակվել է, իսկ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ընդհանրապես նման ծրագիր չի իրականացնում։ Ավելին, այսօր ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը ընդհանրապես չի ճանաչում ՀՀ քաղաքացիություն ստացած փախստականներին, եւ նրանց որեւէ աջակցություն չի տրամադրվում։ Կարծես թե դառնալով ՀՀ քաղաքացի՝ մեր բոլոր խնդիրները լուծվեցին։ Հաշվի չի առնվում «Իրավական սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստացած փախստականները օգտվում են նույն արտոնություններից, ինչ փախստականի կարգավիճակ ունեցողները։ Իսկ ինչ ջանասիրությամբ էին ժամանակին համոզում մեզ ստանալ ՀՀ քաղաքացիություն։
Այսպիսով, այդ քայլով մեր մեջ պառակտում են գցում՝ նույն պայմաններում բնակվող ընտանիքներին կիսում են երկու անհավասար խմբի։
Կարդացեք նաև
Մեզանից շատերը բնակվում են վարձով կամ ազգականների տանը։ Այս կատեգորիային ընդհանրապես հաշվառող չի եղել, մենք չգիտենք, թե ո՞ր վերջին ցուցակում ենք գտնվում։ Տեսնես՝ մեր մասին երբեւիցե հիշելո՞ւ են, թե՞ ոչ։ Չէ՞ որ ազգականների ընտանիքներն էլ հոգնել են մեզանից։ Կարելի՞ է 24 տարի բնակվել անհույս հյուրի կարգավիճակում։
Մեր մի մասը, որ բնակվում է վարձով, ժամանակին հնարավորություն է ունեցել վարձ վճարելու։ Այսօր ո՛չ այդ հնարավորությունը կա, ո՛չ աշխատանք, ո՛չ էլ օգնող բարեկամ:
Խնդրում ենք պարզաբանել՝ եւս քանի տասնյակ տարի՞ է անհրաժեշտ, որպեսզի լուծվի մեր բնակարանային խնդիրը։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, թե ինչի վրա է ծախսվում թե՛ պետական բյուջեն, թե՛ տարբեր կազմակերպությունների գումարները։
Եթե տարիներ շարունակ մենք ձայն չենք բարձրացրել՝ հաշվի առնելով պատերազմական վիճակը, ճգնաժամը կամ այլ հանգամանքներ, հիմա տեսնում ենք, որ այդ ամենը չի ազդում այլ բաների վրա։
Հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում փախստականների համար ստեղծված պետական լիազոր մարմինը, եթե տարիներ շարունակ որեւէ առաջընթաց չկա։ Ո՞ր պետական մարմինը վերջապես պետք է զբաղվի փախստականների խնդիրներով, եթե միգրացիոն ծառայությունից միայն բացասական պատասխաններ ենք ստանում։ Մի՞թե այդ կառույցը ստեղծված է, այսպես ասած, «միգրանտներին» հաշվելով։
Տարիներ շարունակ ուշադրություն չդարձնելով մեր կողմից բարձրացված հարցին՝ դեռեւս չի նշանակում, որ նման խնդիր գոյություն չունի։ Ոչ, խնդիրը ավելի խորանում է եւ տարեցտարի դառնում ավելի անլուծելի։
Վերջիվերջո՝ մեր համբերությունն էլ սահման ունի»։
Նամակի տակ ստորագրել են
58 փախստականներ
«Առավոտ» օրաթերթ