Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրիմինալ մթնոլորտը ձեւավորել է ոչ թե Ղուկասյան Վարդանը, այլ նրան «проход» տվողը»

Հոկտեմբեր 03,2012 14:16

Կարծում է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատերը

Մի քանի օր է՝ Գյումրիում լուրեր են պտտվում այն մասին, որ 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքի տոնը նշելուց անմիջապես հետո՝ հոկտեմբերի 8-ին, հրաժեշտ է տալու իր աթոռին: Այսինքն՝ քաղաքապետը չի սպասելու իր լիազորությունների ժամկետի ավարտին. այն լրանում է նոյեմբերի 12-ին: Ըստ այս լուրերը տարածողների՝ Վարդան Ղուկասյանը նման քայլի գնում է վերեւների հետ փոխհամաձայնության արդյունքում. նա ստիպված է կատարել իրեն տրված հրահանգը, քանի որ երկրի նախագահին խնդրել է ներողամտորեն մոտենալ հետախուզման մեջ գտնվող իր որդուն ու կարծես թե դրական պատասխան է ստացել: Ինչեւէ, ի նկատի ունենալով Վարդան Ղուկասյանի անձնվեր սերը իր գահին՝ դժվար է հավատալ նույնիսկ լավատեղյակ աղբյուրներին ու կարծել, թե նա օր առաջ ինքնակամ կհրաժարվի պաշտոնից:

Երեկ «Առավոտ»-ը այս մասին կարծիք հարցրեց նաեւ ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից, ով նման կերպ արձագանքեց. «Ես տեղեկացված չեմ, եւ ինձ առանձնապես չի էլ հետաքրքրում, թե գործող քաղաքապետը ամսի 8-ի՞ն հրաժարական կտա, թե՞ ենթադրենք՝ 28-ին: Ինձ անգամ չի հետաքրքրում, թե գործողը հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի պաշտոնավարել կամ, ասենք, կգնա, ու հաջորդը կլինի Բալասանյանը: Ես գյումրեցու, սովորական քաղաքացու համար առանձնապես տարբերություն, փոփոխություն չեմ տեսնում. յուրաքանչյուր քաղաքապետ, ով այսօր կլինի Գյումրիում, նա պետք է հլու-հնազանդ ծառայի Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ վերարտադրի: Հիմա դա կլինի Ղուկասյան Վարդանը, թե Բալասանյան Սամվելը՝ էդքան մեծ տարբերություն չեմ տեսնում, ինձ չեն էլ հետաքրքրում ինտրիգները, թե մի քանի օր առաջ կամ մի քանի օր հետո հրաժարական կտա: Սրանք իրենց խնդիրներն են, ներիշխանական ինտրիգներ են, ներիշխանական հարցերի լուծումներ են, մեսիջներ են, որոնք ուղարկվում են էս կամ էն թեւին: Սովորական քաղաքացու եւ ինձ համար՝ որպես սովորական քաղաքացու, առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում»: Ձեզ չե՞ն հետաքրքրում պաշտոնատար անձանց այն հավաստիացումները, թե Բալասանյանի միջոցով փորձում են փոխել Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը, արմատախիլ անել, վերացնել կրիմինալը քաղաքից՝ մեր այս հարցին պարոն Խաչատրյանը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Ասեմ, որ քաղաքի կրիմինալ մթնոլորտը ձեւավորվել է մի քանի տարիների՝ 10 տարվա ընթացքում, եթե ոչ ավելի. հիմա ես ուզում եմ ասել, որ էս քաղաքի կրիմինալ մթնոլորտ ձեւավորողը ոչ թե Ղուկասյան Վարդանն է եղել, այլ Ղուկասյան Վարդանին «տՐՏւՏՊ» տվողը: Իսկ էդ «տՐՏւՏՊ» տվողը կարող է այդ նույն «տՐՏւՏՊ»-ը տալ Ղուկասյան Վարդանին՝ արդեն ոչ որպես քաղաքապետի, կարող է տալ Բալասանյան Սամվելին կամ մեկ ուրիշի: Այսինքն՝ եթե լինի քաղաքական կամք, որպեսզի կրիմինալ չլինի ամբողջ Հայաստանում կամ առանձին վերցրած՝ Գյումրիում, ուրեմն էդ կամքը կլինի, եթե լինի էնպիսի կամք, որ մի քիչ կրիմինալ լինի, որպեսզի, ենթադրենք, Բալասանյան Սամվելին զգոն պահենք, ուրեմն էդ կրիմինալը նորից կլինի: Հավատացնում եմ ձեզ, որ կրիմինալը կարելի է վերացնել երկու շաբաթվա ընթացքում իրավապահ մարմիններին տված մի պարզ հրամանով, հրահանգով: Մենք բազում այդպիսի փորձեր ունենք միջազգային պրակտիկայում, օրինակ՝ Վրաստանում. Վրաստանի կրիմինալը մի քանի օրվա ընթացքում հայտնվեց Մոսկվայում՝ Վրաստանից դուրս, եւ կրիմինալը շատ շուտ վերացավ: Բայց կրիմինալը պետք է այս ռեժիմին, որովհետեւ նրանք կրիմինալի միջոցով են վերարտադրվում: Այսինքն՝ թող չշահարկեն, թե գյումրեցիներին ազատում են կրիմինալից, այդպես չէ: Նախ՝ կրիմինալից որեւիցե մեկին չեն ազատել, առավել եւս գյումրեցիներին, եւ համոզված եմ՝ երկար ժամանակ չեն ազատելու, որովհետեւ նորից եմ կրկնում՝ այդ կրիմինալն է այն հենքը, որի վրա իրենք վերընտրվում են»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ այդպիսի հայտարարությունները ներկայիս ռեժիմի քարոզչությունն են, որը սկսել է ավելի նուրբ աշխատել, քան նախորդ իշխանությունները: «Նախորդ իշխանությունները չէին էլ հասկանում, որ իրենք պետք է քարոզչություն անեն կամ գոնե պատրանք ստեղծեն, որ ուզում են ազատվել, բայց չեն կարողանում: Այս նոր ռեժիմը արդեն մի քիչ հղկվել է եւ հասկանում է, որ գոնե պետք է իմիտացիա անեն, որ իրենք, օրինակ, կրիմինալից են ազատվում, ստիպում են Հայրապետյան Ռուբոյին մանդատը վայր դնել, բայց խոշոր առումով՝ սա ընդամենը քարոզչություն է»: Ի դեպ, ԳԱԼԱ-ի սեփականատիրոջ կարծիքով՝ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարբեր կառույցների պատասխանատուների վրա մատ թափ տալը մի քիչ պրիմիտիվ PR է, բայց գործող է, իրեն արդարացնում է. այն ուղղված է պարզ հասկացող մարդկանց: «Այն հստակ լսարան ունի, որոշ զանգվածի կողմից այն կուտվի, իսկ նրանք, ովքեր չեն ուտի, նրանց համար նախատեսված էլ չէր. PR-չիկները՝ կազմակերպիչները, հասկանում են՝ ինչ են անում: Իշխանությունները ամեն ինչ արել են, որ գիտակ մասսան դուրս մնա, քանի որ իրենց ընտրազանգվածը գիտակ մասսան չէ. նրանք վաղուց չեն գնում ընտրությունների, զզվել են: Հայաստանում այսօր ավելի շատանում է լյումպեն զանգվածը, եւ իրենց քարոզչությունը համապատասխան այդ մասսային է ուղղված, իսկ գիտակ մարդկանցից իրենք առանձնակի հույսեր չունեն, քանի որ նրանց շահերը, հետաքրքրասիրությունները չեն հատվում, ուստիեւ այս երկուսը՝ իշխանություններն ու գիտակ մարդիկ, զուգահեռ ապրում են իրար հետ՝ անկախ մեկը մյուսից»,- ասում է Վահան Խաչատրյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031