Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հետապնդումները շարունակվելու են»

Հոկտեմբեր 03,2012 14:10

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ «Վարդան Օսկանյանի հանդեպ որեւէ պրետենզիա ներկայացնելու համար գլխավոր դատախազը չունի իրավական հիմքեր»:

Իսկ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն էլ ընդգծում է, որ Հանթսմանի կողմից Հայաստանում իրականացվել է շինծու առքուվաճառք, եւ Օսկանյանն ու Հանթսմանը «կապված են եղել ինչ-որ մի գործարքով»: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

Անդրեաս Ղուկասյան- Այս գործում ամբողջությամբ գերիշխում է քաղաքական բաղադրիչը: Այս խնդիրը Հայաստանում է միայն տեսանելի՝ որպես զուտ Վարդան Օսկանյանի հետ կապված խնդիր, բայց այն ունի նաեւ մյուս կողմը՝ դա Ջոն Հանթսմանին վերաբերող հարցերն են: Գիտենք, որ Հանթսմանն ուզում էր առաջադրվել ԱՄՆ նախագահի ընտրություններում եւ ստիպված եղավ ինչ-ինչ պատճառներով այս տարի հունվարի 16-ին հանել իր թեկնածությունը: Ես ենթադրում եմ, որ Վարդան Օսկանյանի այս դեպքը նաեւ միջազգային կողմ ունի, քանի որ անմիջականորեն առնչվում է Ջոն Հանթսմանի հետ: Տիգրան Աթանեսյանի (Օսկանյանի փաստաբանի Ա. Ս.) վերջերս ներկայացրած հրապարակային տեղեկություններից ես ինքս հասկացա, որ Հանթսմանը Հայաստանում կնքել է ըստ էության շինծու գործարք: Նա 2 միլիոն դոլար արժողություն ունեցող ընկերությունը վաճառել է 3 դոլարով Տիգրան Կարապետյանին: Բնականաբար, Միացյալ Նահանգներն անպայման այստեղ ունի խնդիր, որովհետեւ նման գործարքը պիտի 2010թ.-ին Հանթսմանի մոտ անհիմն վնասներ առաջացներ իր հաշվետվություններում, որոնք նա ներկայացնում է իր երկրի հարկային մարմիններին: Եվ այն բացատրությունները, որոնք տվեց Տիգրան Աթանեսյանը, դրանք բավարար են Հայաստանի պես երկրում, որտեղ հանրային իրավագիտությունը ցածր է: Իսկ ԱՄՆ-ում նման բացատրությունները, թե՝ գործի հեշտացման համար երեք դոլարով կարելի է վաճառել երկու միլիոնանոց բաժնետոմսերի փաթեթը, անլուրջ է, եւ ԱՄՆ-ում նման թեզ ոչ ոք չէր էլ հրապարակի որպես հիմնավորում: Մի խոսքով՝ այստեղ խնդիրն ակնհայտորեն քաղաքական է, քանի որ մենք ունենք ոչ թե մեկ, այլ երկու թեկնածու. եւ Վարդան Օսկանյանն է նախագահական ընտրություններում ենթադրվող թեկնածու, եւ Ջոն Հանթսմանն էր թեկնածու ԱՄՆ-ում: Ես այստեղ տեսնում եմ նույնություն, որ այդ մարդիկ կապված են եղել ինչ-որ գործարքով:

Արթուր Սաքունց- Ես կարծում եմ, որ հերթական անգամ Հայաստանում տեղի է ունենում սելեկտիվ՝ ընտրողական արդարադատության կիրառում: Որովհետեւ 1 միլիոն 480 հազար ԱՄՆ դոլարի պատմությունն այն հարցը չէր, որը պետք է առաջնային նշանակություն ունենար: Ես չեմ ասում, որ չպետք է ունենար, բայց շատ ավելի մեծ գումարների հետ կապված հարցեր կան, որոնց վերաբերյալ գլխավոր դատախազը ոչ մի քայլ չձեռնարկեց: Նույն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, հայկական օլիգարխների մասով, որոնց ունեցվածքի մասին մամուլում հիշում եք՝ ինչ հրապարակումներ եղան, որեւէ անգամ դատախազի մտքով չանցավ նույնիսկ հայտարարել, որ այդ հրապարակումները կարող են դառնալ քննության առարկա: Երկրորդը՝ արդյոք պե՞տք է մեղադրել Վարդան Օսկանյանին՝ Հանթսմանի փողերի լվացման համար: Եթե կա հարց, որ փողերի անօրինական լվացում է կատարվել, ուրեմն առաջին հերթին պետք է Հանթսմանին մեղադրել, ինչի կապակցությամբ, սակայն, գլխավոր դատախազը նախօրեին նշեց, թե անգամ անհրաժեշտություն չկա Հանթսմանին լսելու: Դա սոփեստություն է, ավելի ճիշտ՝ իրավական անգրագիտություն: Որովհետեւ ամեն ինչ խոսում է Տիգրան Կարապետյան-Հանթսման այդ կորպորացիաների բաժնետոմսերի առքուվաճառքի եւ իրացման մասին, վերջում նոր խոսքը Օսկանյանին է հասնում: Եվ Օսկանյանը դրա համար էր հարցը բարձրացնում. եթե խոսքը գնում է փողերի լվացման մասին, ապա այդ փողերն իրենց ծագմամբ պետք է գնահատական ունենան՝ որպես հանցավոր: Բայց եթե փողերի ծագումնաբանության տեսակետից չկա նման իրավական գնահատական, որ այդ փողերը հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել, այդ դեպքում Օսկանյանին մեղադրելը հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման մեջ՝ անհեթեթություն է: Եվ այդ տեսակետից ամենավերջում նոր հարցերը պետք է տալ Օսկանյանին: Ավելին, Հանթսմանը հարց էլ չի բարձրացրել, որ Վարդան Օսկանյանի կողմից խախտվել են այդ փողերի տնօրինման հարցում իր առաջադրած պայմանները: Այդ մասին խոսք անգամ չկա դատախազի միջնորդությունում, իսկ դա գլխավոր խնդիրն է: Եվ այս առումով ես գտնում եմ, որ Վարդան Օսկանյանի հանդեպ որեւէ պրետենզիա ներկայացնելու համար գլխավոր դատախազը չունի իրավական հիմքեր:

Ա. Ղ.- Այստեղ կա երկու հանգուցային հարց, որոնք Աղվան Հովսեփյանը պետք է շոշափեր Ազգային ժողովում. Հայաստանի իրավապահ մարմինները որտեղի՞ց են իմացել իրենց կողմից թվացյալ այդ հանցագործության մասին, աղբյուրը որ՞ն է: Դա շատ կարեւոր հանգամանք է, որը պետք է ներկայացվեր երեկ, եւ այդ հանգամանքը կլուսաբաներ եւ կբացահայտեր ամենակարեւոր բաղադրիչը՝ սա քաղաքական պատվե՞ր է, թե՞ ոչ: Եվ երկրորդը՝ Աղվան Հովսեփյանը պետք է ներկայացներ ՀՀ որոշ պատասխանատու անձանց, մասնավորապես Կենտրոնական բանկի նախագահի անգործության բացատրությունը: Խնդիրն այն է, որ 2010թ.-ին, երբ գործարքը կատարվում էր, Վարդան Օսկանյանը էքս արտգործնախարար էր, որի հաշվին նստում է 1 միլիոն 145 հազար դոլար: Եվ Կենտրոնական բանկը, եւ դատախազությունը, եւ մի շարք այլ մարմիններ այդ ժամանակ պարտավոր էին այդ գումարների վերաբերյալ Վարդան Օսկանյանից ստանալ համապատասխան բացատրություններ: Միգուցե դա կաշառք է, որը նա ստացել է իր պաշտոնավարումից մի քանի տարի հետո, միգուցե նա Հանթսմանի հետ փայաբաժին ուներ: Այս հարցերում համապատասխան մարմինների անգործությունը Աղվան Հովսեփյանը պիտի բացատրեր, որպեսզի պատգամավորները կարողանային դատել՝ սա քաղաքական պատվե՞ր է, թե՞ ոչ: Եվ եթե նա չի կարողանում բացատրել, թե այդ ատյաններն ինչու են անգործության մատնվել, այդ դեպքում նա չի կարողանում հիմնավորել այս գործընթացի ոչ քաղաքական լինելը:

Ա. Ս.- Ես կառաջարկեի ավելի ուշադիր ծանոթանալ գլխավոր դատախազի միջնորդությանը, քանի որ այն հարցերը, որոնք Դուք առաջադրում եք, ամբողջությամբ կան այդ միջնորդության մեջ: Խնդիրն այն է, սակայն, որ առաջանում է մեկ այլ հարց՝ ինչո՞ւ Հանթսմանը Ձեզ հետ, ինձ հետ չի աշխատել, ինչո՞ւ է աշխատել Օսկանյանի հետ: Իհարկե, 2010-ին Օսկանյանը պաշտոնատար անձ չէր, բայց կարող էր հարց ծագել, թե իր պաշտոնավարման ընթացքում նա ի՞նչ առնչություն է ունեցել եւ արդյոք իր պաշտոնական լծակնե՞րն է օգտագործել նման մարդու հետ գործարքի կամ նման հարաբերություններ ձեւավորելու համար: Սա բոլորովին այլ հարց է, իսկ գումարի ձեւավորման, առաջացման ամբողջ ընթացակարգի վերաբերյալ չկա որեւէ հարցադրում գլխավոր դատախազի կողմից: Եվ սա մարտահրավեր է բոլորիս: Այս քայլը ունի շարունակվելու եւ ավելի թեժանալու միտում: Ակնառու է, որ էլի են շարունակվելու քաղաքական հետապնդումները:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031