Մամուլի ազգային ակումբում Գերմանիայի Ազգային տոնի՝ Գերմանիայի վերամիավորման առիթով, «Աշխարհը եւ մենք» ծրագրի շրջանակներում, «Գերմանիայի վերամիավորումը եւ նոր Եվրոպան», «Հայաստանը եւ Գերմանիան» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին:
Դեսպանի խոսքով՝ Գերմանիայի Ազգային տոնը իսկապես պատմության բախտավորություն է: Գերմանիան բաժանված էր 2 մասի, ձեւավորվել էին ռազմական կենտրոնացումներ, որոնք իրար դեմ էին միտված, դրանց միջեւ ընկած էր երկաթե վարագույրը եւ այնտեղով անցնել հնարավոր չէր.
«Մենք հաշտվել էինք այդ իրավիճակի հետ, բայց վերջապես հնարավորություն ունեցանք միասին լինելու, համարյա անպատկերացնելի ու անհավատալի էր, բայց դա տեղի ունեցավ, որը մեծ ուրախություն էր: Այս օրը մեզ մշտապես հիշեցնում է այդ պատմական իրադարձության մասին, այժմ ապրում ենք միավորված Եվրոպայում, վերամիավորումը մեծ էներգիա է ազատ արձակել»:
Դեսպանը կարծում է, որ այսօր փոփոխության է ենթարկվել ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ աշխարհը: Հայաստան է ժամանել սեպտեմբերի 1-ին, առաջին տպավորությունները շատ դրական են եղել.
«Առաջին նախապայմանը հենց եղանակն է եղել, ամեն առավոտ արթնանում եմ եւ արեւը ինձ ժպտում է, Գերմանիայի համար հատուկ չէ այդպիսի լավ եղանակը: Հայաստանում ինձ գրավել է բաց հասարակությունը եւ ժողովրդի ակտիվ կյանքը, նրանք հագնում եւ անում են այն, ինչ ուզում են: Այստեղ շատ ես հանդիպում երիտասարդների՝ ի տարբերություն մեր հասարակության , այնտեղ գերակշռում են իմ տարիքի մարդիկ»:
Նա նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունները գերազանց են, դրանք աճել եւ զարգացել են տարիների ընթացքում.
«Նման արդյունք ձեռք չի բերվում մեկ օրում, սա տարիների աշխատանք է: 20 տարի է անցել դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից, սակայն մինչ այսօր մենք դեռ մեծ շուքով ենք նշում: Ես իմ մասնագիտության մեջ սպիտակ նապաստակ եմ եւ տեսնում եմ, որ հարաբերությունները գնալով ավելի են սերտանում: Գերմանիան ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերն է Հայաստանի համար եւ կարելի է ասել, որ Հայաստանում հիմա գերմանական շաբաթներ են»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ