ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է կատարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)գործակալությունում եւ հայտնաբերել, որ հաշմանդամության կարգ ստանալու համար բազմաթիվ քաղաքացիներ 5 հազար դրամից, եւ որոշ դեպքերոմ, նույնիսկ մինչեւ 200 հազար դրամ կաշառք են տալիս:
Այսօր նախարարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրատապ խորհրդակցություն հրավիրեց եւ վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Ըստ որի, «Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում` ռիսկերն առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձեւը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓ հանձնաժողովներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓ հանձնաժողովը դրական որոշման համար` 150.000-200.000 դրամ (սա մասսայական բնույթ չի կրում)»: Մանրամասն` տեսանյութում:
Խորհրդակցությանը ներկա նախարարության փոխնախարարներն ու վարչությունների պետերը «շունչները պահած» լսում էին վերահսկողականի պետին եւ լարված սպասում թե վարչապետն ինչ որոշում է կայացնելու: Իսկ մինչ վարչապետի` կադրային փոփոխությունների մասին պահանջը, Տիգրան Սարգսյանը նախ ճշտեց, թե տարեկան որքան քաղաքացի է շփվում ԲՍՓ հանձնաժողովի անդամների հետ: «65-70 հազար»,-պատասխանեց վերահսկողականի պետը: Ապա վարչապետը հետաքրքրվեց` հաճախակի՞ են լինում, երբ այդ մարդկանցից փող չեն վերցնում, սրան էլ ի պատասխան Սարգիս Գրիգորյանը վստահեցրեց, որ եթե փող չեն վերցնում, ուրեմն գործարքը ծանոթների միջնորդությամբ է կատարվում. «Բայց կոռուպցիոն ռիսկերը մասսայական բնույթ են կրում»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ընդունեց, որ նման երեւույթների համար առաջին հերթին պատասխանատու են` իրենից սկսած մինչեւ գործակալության պետ եւ շարքային աշխատող: Նախարարը խոստացավ առարկայական լուրջ քայլեր ձեռնարկել եւ խնդիրները լուծել: Տիգրան Սարգսյանի խոսքերով էլ. «Քաղաքացին մեր եւ ձեր մասին պատկերացում է կազմում չինովնիկի հետ շփվելով: Հիմա վերահսկողական ծառայությունը զեկուցում է, որ կաշառակերությունը հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում համատարած է…Բա էդ 65 հազար մարդը մեր մասին, ձեր մասին ի՞նչ պատկերացում է կազմելու: Ինչո՞ւ չեք ահազանգում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ես պահանջում եմ ձեզանից անհապաղ կադրային փոփոություններ: Ծառայության ղեկավարը, որ տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերի հետ, մի անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Նյութերը վերցրեք, եւ որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացրեք կադրային փոփոխություններ»:
Կարդացեք նաև
Գործից ազատման մասին լսելով ԲՍՓ գործակալության պետ Միշա Վանյանը լրագրողներին ասաց, որ սա անակնկալ էր եւ իր համար պարզ չէր թե ի՞նչ մեթոդաբանությամբ է ուսումնասիրությունը կատարվել. «Կոռուպցիոն ռիսկերը բոլոր ոլորտներում էլ կան, բայց որ համատարած էր, դա ինձ համար անակնկալ էր… Ահազանգեր եղել են, միջոցներ ձեռնարկվել են, բայց երբեւէ կոռուպցիան մեր ոլորտում համատարած չի եղել»:
Իր աշխատանքից հեռացվելը պարոն Վանյանը բնութագրեց ընդամենը որպես նորմալ սերնդափոխություն. «Հանգիստ խղճով ես կազատվեմ աշխատանքից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ