Լրահոս
Օրվա լրահոսը

Բոզոյան. «Միշտ չէ, որ ամենախելոք մարդիկ են դառնում նախագահ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2012 13:26

Այսօր կայացած ասուլիսում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն հանդես կգա իր սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը, որը կդառնա մեր Բիձինա Իվանիշվիլին:

Ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում պարոն Բոզոյանն ասաց, որ միշտ չէ, որ նախագահ են դառնում ամենախելոք եւ ամենաինտելեկտուալ անձինք, եւ որպես օրինակ բերեց Սարկոզիին, Բուշին, «կիսահարբեցող» Ելցինին. «Հաճախ հանգամանքներն ավելի կարեւոր են, քան մարդու արժանիքները»: Նա նույնիսկ նկատեց, որ գուցե Օսկանյանի հանդեպ իշխանությունների սկսած քաղաքական հետապնդումների արդյունքում Օսկանյանը դառնա «ազգային հերոս», եւ ԲՀԿ-ի թեկնածուն լինի նա եւ ոչ թե Ծառուկյանը:

Մեր հարցին` կարծում եք հասարակությունը կների՞ Օսկանյանի դերակատարումը մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, պարոն Բոզոյանը պատասխանեց, որ չկա մեկը, ով անմեղ է  եւ անցյալ չունի` Տեր-Պետրոսյանին անընդհատ հիշեցնում են 1995-96-ը, Քոչարյանին` մարտի 1-ը եւ այլ բաներ:

Իսկ թե ինչու Օսկանյանի նկատմամբ հետապնդումների մասին ձայն չի հանում անձամբ Ծառուկյանը, պարոն Բոզոյանը բացատրում է «լեվելներով»` մակարդակներով: Ըստ նրա, քանի որ Սերժ Սարգսյանը լռել է այս գործի մասին եւ որեւէ մասնակցություն չի ունեցել, Ծառուկյանն էլ կլռի եւ չի խոսի, հենց Սերժ Սարգսյանը խոսի` նա էլ կխոսի: Սակայն Քոչարյանի խոսելու հավանականությունը նա բացատրում է ոչ թե «լեվելներով», այլ` մարդկային տեսանկյունից. «Օսկանյանը 10 տարի աշխատել է Քոչարյանի հետ եւ սխալ կլինի, որ նա չխոսի»:

«Առավոտի» դիտարկմանը, թե որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ծառուկյանը երբեք չի խոսի այս մասին, քանի որ իր հանդեպ հարկային հետապնդումներ կսկսեն, հատկապես հաշվի առնելով այն, որ տարիներ շարունակ շոշափված թեմա է պարոն Ծառուկյանի` հարկային ոլորտում մեղմ ասած անթերի չլինելը, պարոն Բոզոյանը պատասխանեց, որ այդ պնդումները Բաղրամյան 26-ից են տարածվել եւ շահարկվել:

Հիշեցնենք ընդամենը, որ ԲՀԿ առաջնորդի հարկային չկատարած պարտավորությունների մասին տարիներ շարունակ գրում էին ամենաընդդիմադիր համարում ունեցող թերթերը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031