Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը շնորհավորում է Վրաստանին

Հոկտեմբեր 03,2012 12:12

Վրաստան - Ընդդիմության կողմնակիցները մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում տոնում են իրենց հաղթանակը, 2-ը հոկտեմբերի, 2012թ.

Իսկ «Վրացական երազանք»-ի առաջնորդը երկրի նախագահին կոչ է անում հրաժարական տալ։

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Եվրամիության անունից շնորհավորում են «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակը։ Այդ մասին ասել է Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը` պատասխանելով Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակի հարցին։

Կոսիյանչիչը նշել է, որ թե՛ պատասխանատու կառավարությունը եւ թե՛ կառուցողական ընդդիմությունը կարեւոր դերակատարություն ունեն Վրաստանի հանրության ժողովրդավարության համար։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դաշինքի հաջողությունը ցույց է տալիս, որ ժողովուրդը ձգտում է փոփոխությունների։ Մեդվեդեւը ասել է, որ ընտրությունների արդյունքում Վրաստանում քաղաքական դաշտը ավելի բազմազան է դառնում, եւ նշել է, որ Ռուսաստանի իշխող կուսակցությունը` «Եդինայա Ռոսիա»-ն, պատրաստ է երկխոսության ռուս – վրացական հարաբերությունների շուրջ։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նոլանդը, մինչդեռ, շնորհավորել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում ժողովրդավարության հասունացման եւս մեկ կարեւոր փուլի համար։  Դեսպանը նաեւ ողջունել է «Վրացական երազանք»-ի հաջողությունը։

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը շնորհավորել է Վրաստանի ժողովրդին ու իշխանություններին ազատ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելու համար։ Նա նշել է, որ նախնական արդյունքները պաշտոնապես հաստատվելու դեպքում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունը կփոխանցվի ժողովրդավարական ճանապարհով։

Բիձինա Իվանիշվիլին իր գլխավորած «Վրացական երազանք»-ի հաղթանակից հետո հայտարարել է, թե ներկայիս կառավարության ոչ մի անդամ, նույնիսկ` փոխնախարարները, առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում չեն լինի։ Իսկ Սաակաշվիլիին նա կոչ է արել հրաժարական տալ եւ նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել։

Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի հոկտեմբերի 20-ին։

Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031