Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնակուսազրկվեց ու Մարգահովիտ չտարա՞վ

Հոկտեմբեր 03,2012 11:18

Երեւանի բնակիչ 15-ամյա Ադելինան պարապությունից համացանցի միջոցով սովորականի պես ծանոթություններ է հաստատել անծանոթ տարեկիցների հետ եւ այս տարվա ձմռանը ծանոթացել գյուղացի մի տղայի՝ Սամսոնի (ամբաստանյալի անունը փոխված է) հետ։ Վերջինիս հետաքրքրությունը շարժել է Ադելինայի կայքէջում անվան դիմաց գրված «սիրուն աղջիկը»։ Պարզվել է՝ դա Ադելինան է, որը, ծանոթանալու առաջարկ ստանալով Սամսոնից, հաստատել է նրա ընկերությունը եւ իրեն ու գյուղացի տղային գցել կրակը։ Քանի որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Սամսոնի համար ձմռանը մի քիչ դժվար է եղել Երեւան գալը, Ադելինան ու Սամսոնը մոտ չորս ամիս շփվել են «սկայպի» ու բջջային հեռախոսի միջոցով։

Ադելինան շփման ընթացքում Սամսոնին հայտնել է, որ ինքը ընկեր ունի, արժանի չէ իրեն ու կույս չէ։ Սամսոնն առաջարկել է հանդիպել, Ադելինան էլ չի մերժել։

Առաջին անգամ հանդիպել են 2012թ. ապրիլի վերջերին Ադելինայի դպրոցի մոտ։ Այդտեղից զբոսնելով գնացել են Արաբկիրի այգի, որտեղ զրուցել են, քայլել, հետո Սամսոնը Ադելինային ճանապարհել է տուն, ինքն էլ գնացել Վանաձոր։ Երկրորդ անգամ նրանք հանդիպել են դրանից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 7-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում։ Միասին գնացել են իրենց սիրած Արաբկիրի այգի՝ զբոսնելու։ Զրուցել են, քայլել այգում, որի ընթացքում անցնելով ծառուղիներից մեկով՝ Սամսոնն առաջարկել է Ադելինային գնալ եւ նստել ձախ կողմում՝ ճանապարհից ներս՝ ծառերով եւ թփերով շրջապատված մի վայրում։ Անչափահաս աղջիկն էլ համաձայնել է։

Նստել են խոտերի վրա, գրկել իրար, համբուրվել, որի ընթացքում տղան հանել է իր եւ Ադելինայի հագուստները, եւ նրանց միջեւ տեղի է ունեցել սեռական հարաբերություն։ Դրանից հետո Սամսոնը, տեսնելով, որ Ադելինայի վրա արյան հետքեր կան, հանել է իր շապիկը, սրբել ու նետել այգում։ Հագնվել են, դուրս եկել իրենց թաքստոցից, եւ հենց այդ ժամանակ Սամսոնին է զանգել նրա ընկեր Սասունն ու հայտնել, որ շատ կարեւոր ու շտապ գործ ունի՝ խնդրելով, որ Սամսոնը միանա իրեն։ Վերջինս անչափահասին հայտնել է ընկերոջ կանչի մասին եւ աղջկան թողնելով Կոմիտասի փողոցի կանգառներից մեկի մոտ՝ հեռացել է տաքսիով։ Միայն մինչ այդ հասցրել է ասել Ադելինային, որ սպասի իր եղբորը, որը քիչ հետո կգա իր հետեւից եւ կտանի իրենց տուն՝ ծանոթացնելու իր հարազատների հետ։

Խեղճ Ադելինան, հավատալով Սամսոնին, կանգառում սպասել Է 3 ժամ, սակայն ոչ ոք չի եկել նրան Մարգահովիտ տանելու։ Զանգել է Սամսոնին, սակայն նրա հեռախոսն անջատված է եղել։ Արդեն հուսահատված Ադելինան անջատել է իր բջջային հեռախոսը, մոլորված ու միայնակ զբոսնել, մինչեւ որոշի իր անելիքը։ Հետո միացրել է հեռախոսը, զանգել իր ընկերներից Արթուրին, ասել, որ կռվել է տնեցիների հետ եւ չի ուզում տուն գնալ։ Արթուրը, տեղյակ լինելով, որ Ադելինան գիշերելու տեղ չունի, առաջարկել է գալ իր աշխատանքի վայր եւ մնալ իր հետ Արգավանդի խճուղում գտնվող խանութում մինչեւ հաջորդ օրը։ Ադելինան գնացել է Արթուրի մոտ ու գիշերել այնտեղ։ Հաջորդ օրը՝ 2012թ. մայիսի 8-ին, Արթուրը նրան ճանապարհել է Երեւան եւ ասել, որ սպասի Բաղրամյան փողոցում գտնվող Սիրահարների այգում, մինչեւ ինքը վերջացնի իր աշխատանքը եւ գա իր մոտ։ Սիրահարների այգում Ադելինան միացրել է բջջային հեռախոսը, եւ մինչ Արթուրի գալը, Ադելինային են զանգահարել Արաբկիրի ոստիկանները եւ իմանալով նրա տեղը՝ եկել են ու հրավիրել ոստիկանության բաժին՝ պարզելու, թե նա ինչու գիշերը տուն չի գնացել։

Դատարանում Սամսոնը լիովին ընդունել է մեղքը (16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը)՝ նշելով, որ իմացել է, որ տուժողը 15 տարեկան է եւ նրա համաձայնությամբ է սեռական հարաբերություն ունեցել։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլ մեղավոր է ճանաչել 22-ամյա Սամսոնին եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման։ Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյան, Սամսոնի պաշտպանը խնդրել է փոփոխել այն եւ պատիժ սահմանել՝ հանցակազմի սանկցիայի առավել նվազ պատժի սահմաններում։ Նշյալ հոդվածի սանկցիան նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Էլմիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031