Զարմանալի Էր Օսկանյանի պատասխանը մարտի մեկի մասին Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած հարցին։ Եթե Հովսեփյանին դիմելով՝ Օսկանյանը հավաստիացնում էր իր անմեղությունը եւ հուզվելով ինչ-որ բաներ փորձում ապացուցել, ապա այստեղ՝ նա արեց իր ամենազարմանալի հայտարարություններից մեկը։ Մարտի մեկի մասին ես իմ սենյակում կխոսեմ «հետդ, Նիկոլ ջան»։ Եվ իրավիճակը չփրկեցին նրա այն հավաստիացումները, թե ինքն էլ սխալներ է արել, մեղավոր է եւ այլն։ Մարտի մեկը սենյակի՞ հարց է, անձնական կամ կենցաղային խնդի՞ր է, թե՞ հասարակական-հրապարակային հարց։ Վերջապես, մարտի մեկի մասին իր հայտնի ասուլիսն արդյո՞ք սենյակում իր ծանոթների համար է ժամանակին տվել պարոն Օսկանյանը։ Որքան էլ Նիկոլի հարցն առաջին հայացքից «թշնամական» էր Օսկանյանի նկատմամբ, ըստ իս, հակառակը՝ դա նախկին նախարարին նետված յուրահատուկ փրկության օղակ էր, լավագույն հնարավորություն հասարակության, այլ ոչ թե «պարոն դատախազի» առջեւ արդարանալու, եթե, իհարկե, ենթադրենք, որ Օսկանյանն իրոք փաստարկներ ունի։ Իսկ եթե նույնիսկ նա չունենար այդպիսի արդարացումներ, ապա գոնե հնարավորություն ունեցավ զղջալու, որը չօգտագործեց, դրա փոխարեն շեշտը դնելով իշխանությանն ուղղված հավաստիացումներին։
Հ.Գ. Թող տպավորություն չստեղծվի, թե ընկածին եմ խփում։ Եթե լինեի ԱԺ պատգամավոր, անկախ ամեն ինչից՝ դեմ էի քվեարկելու Աղվանի միջնորդությանը՝ հազար ու մի հասկանալի պատճառներով։ Վարքս էլ ամենեւին էլ հակաքրիստոնեական չէ եւ պայմանավորված չէ ոխի զգացմամբ։ Հակառակը՝ կուզենայի, որ նախկին նախարարն օգտագործեր երեկվա փայլուն եւ գուցե եզակի հնարավորությունը, գոնե բարոյապես մաքրվելու մարտի մեկի բծից կաճ սկիզբ դներ այդ գործընթացի։ Բայց նա, ցավոք, մնաց հոգեբանորեն նույնքան երկատված, որքան մեր զգացմունքներն այդ նիստից։
Հրանտ ՏԵՐ–ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»