«Ես չեմ կարծում, որ արտակարգ ինչ որ բան է պատահել, որ դրա մասին մտածեմ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու քվեարկության մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Մենք հետաքրքրվեցինք՝ որեւէ կանխատեսում կա՞, թե ովքե՞ր են եղել այն 6 պատգամավորները, որոնք «դեմ» էին քվեարկել, նա վստահեցրեց, որ փակ, գաղտնի քվեարկություն է, ո՞նց կարող է ինքը որեւիցե բան ասել: Դիտարկմանը, որ փաստորեն ձեր մեջ կան մարդիկ, որոնք չեն ենթարկվել ֆրակցիայի ընդհանուր դիրքորոշմանը, նա պատասխանեց. «Կա այն, ինչ որ կա: Ամեն մեկն իր խղճի համար է պատասխանատու»: Հարցին, բայց կա՞ն, չէ՞, ձեր մեջ մարդիկ, որ չեն ենթարկվել, թիմ է, իսկ թիմը պետք է միասնական լինի՝ նա պատասխանեց. «Միասնականությունը 100 տոկոս արդյունքները չեն: Չկա գյուղ, որ շուն չլինի: Չկա ժողովուրդ, որ դավաճաններ չունենա»:
Նա վստահեցրեց, որ ինքը կողմ է քվեարկել. «Իհարկե, կողմ եմ քվեարկել: Վարդան Օսկանյանին ի՞նչ պիտի պատահի, մահապատժի չեն ենթարկում, ազատությունից չեն զրկում: Եթե ինքը համագործակցեր դատաքննչական մարմինների հետ, բնականաբար, դատախազը չէր մտնի»:
Մեր հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ հիմա, երբ անձեռնմխելիությունից զրկվեց՝ բերման կենթարկվի, նա պատասխանեց. «Օրենքի ուժ կա: Բերման կենթարկեն: Բա էլ ինչի՞ զրկեցին անձեռնմխելիությունից: Այն ժամանակ, եթե կամավոր չէր ներկայանում, իրեն չէին կարող ստիպողաբար տանել: Հիմա անձեռնմխելիությունից զրկվել է, եւ օրենքը գործում է: Ուղղակի նրան ձերբակալել չեն կարող»: Մեր հարցին՝ նորմա՞լ է, երբ 10 տարվա արտգործնախարարին, միջազգային վարկ ունեցող մարդու ստիպողաբար բերման ենթարկեն, թեկուզ եթե նրա կարգավիճակը արդեն փոխվել է՝ պարոն Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, շատ լավ է, որ մարդ 10 տարի արտգործնախարար է աշխատում: Ես դա չեմ նկատել, բայց այսօր իմ գործընկերներից մեկը՝ եթե չեմ սխալվում Աշոտ Աղաբաբյանը, իր տված հարցազրույցում ասել է՝ ես այդ մարդուն չեմ հարգում, որովհետեւ ինքը, երբ նախագահը մտավ մեր նիստերի դահլիճ, բոլորը ոտքի կանգնեցին, ինքը փռված մնացել էր բազկաթոռին: Ես դա չեմ նկատել ու չեմ տեսել, բայց դա ինձ համար բավականին տհաճ փաստ էր: Եթե մարդ 10 տարի իրապես եղել է արտգործնախարար, իրապես եղել է գործող նախագահի զինակիցներից մեկը, իսկապես նորմալ դաստիարակություն ստացած անձնավորություն է, երկրի նախագահի մոտքը, դա անձին չի վերաբերում, այլ սիմվոլիկային է վերաբերվում: Անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է ոտքի կանգնել»: Հարցին՝ վստա՞հ եք, որ այդպիսի բան եղել է, նա ասաց, որ իր գործընկերոջը՝ Աշոտ Աղաբաբյանին հավատում է:
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված Համլետ Հարությունյանն ասաց, որ մեր երկիրն այնպիսին է, որ ցանկացած մարդ կարող է թեկնածությունը դնել. «Ի՞նչ է եղել, որ: Սահմանադրությունը թույլ է տալիս, գրավի տեսակետից` ինքը փող ունի: Մեզ մոտ այդպես դժվար չի թեկնածու դառնալը»:
Գալուստ Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ մենք բարի գործ արեցինք: Հարցին՝ Դուք է՞լ եք այդպես կարծում, ՀՀԿ պատգամավորը հակադարձեց իր ղեկավարին. «Չեմ կարծում, որ ընդհանրապես դա բարի գործ է: Դա բավականին տհաճ գործ է: Չեմ կարծում Վարդան Օսկանյանին այդպես սարսափելի բաներ է սպասվում: Ուղղակի ո՞նց կարելի է՝ փոխանակ զբաղվենք կարեւոր հարցերով, որ մեր երկրի առջեւ մարտահրավերները կանգնած են, ամբողջ օրը կորցրեցինք ընդամենը ինչի՞ համար: Ես իմ ելույթում ասեցի, եթե ինքը ի սկզբանե համագործակցեր դատաքննության մարմինների հետ, այս պատմությունը, այս շոուն, այս թատրոնը չէր լինի: Վկա է Աստված, որ սա մեզ բոլորովին պետք չէ: Ո՛չ նախագահին է պետք, ոչ մեր կուսակցությանն է պետք, ոչ անձամբ պատգամավորներին է պետք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ