Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԼԱ-ի սեփականատեր. «Թանգարանի տնօրենի փոխարեն, ճիշտ կանեին քրեական գործ հարուցեին ՀՀԿ-ի առաջին դեմքի դեմ»

Հոկտեմբեր 02,2012 22:15

Օրերս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պայմանականորեն ազատ արձակեց  Գյումրու «Մհեր Մկրտչյան հուշատուն թանգարանի»  41-ամյա տնօրեն, ՀՀԿ-ական Շողիկ Մելքոնյանին, որի դեմ  հարուցվել էր քրեական գործ` ԱԺ ընտրությունների օրը Շառլ Ազնավուրի հրապարակում 5000-ական դրամ  ընտրակաշառք  բաժանելու մեղադրանքով: Դատախազությունը  հիմք  էր ընդունել  ԳԱԼԱ հեռուստաընկերության «Էս ինչ հաշիվ ա՜…» վերնագրով տեսանյութը, որտեղ պարզ երևում էր առուծախի այդ տեսարանը:

Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց` ինչպե՞ս է գնահատում դատարանի` Շողիկ Մելքոնյանին ազատ արձակելու  որոշումը: «Ես ճիշտն ասած չեմ ճանաչում տնօրենին, չգիտեի անգամ նա կին էր, թե՞ տղամարդ, բայց շատ ուրախ եմ, որ ազատ են արձակել այդ մարդուն, որովհետև այստեղ կատարվում է խաղ.  իշխանությունները առաջին հերթին  պետք է բռնեին ոչ թե կատարողին, ռուսերեն ասած` стрелочник-ին, այլ` կազմակերպողին:  Այն, որ գործ հարուցվեց, հետո մի պահ էդ գործը քնեցրեցին, հետ նորից վերակենդանացրեցին` ելնելով այս կամ այն քաղաքական իրավիճակից, սա խոսում է այն մասին, որ ամբողջ իրավապահ համակարգը ծառայում է  մեկ նպատակի` երբ որ պետք է` գործ են հարուցում, երբ որ պետք է` քնեցնում են: Եվ դրա համար ընտրակաշառք բաժանողին ես չեմ մեղադրում, այլ մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դրդել են: Եթե այս պարագայում կաշառքը բաժանվել է ՀՀԿ-ի օգտին, ապա ես մեղադրում եմ ՀՀԿ-ի վերնախավին, առաջին հերթին ՀՀԿ-ի առաջին դեմքին` նախագահ  Սերժ Սարգսյանին, և հետո մնացած բոլորին, ովքեր ամենավերևից ուղիղ հրահանգը տվել են»:

ԳԱԼԱ-ի սեփականատերը հրահանգ  կատարողներին խորհուրդ է տալիս չհավատալ վերևների այն հավաստիացումներին, թե  իրենք անձեռնխելի են: «Ցանկացած պահի ցանկացած մեկին ռեժիմը կարող է հանձնել: Եթե ռեժիմին պետք լինի, որ էս պահին այս կամ այն մարդուն պետք է հանձնեն, ապա նրանք կհանձնեն առանց մտածելու, ինչպես եղավ Ղուկասյան Վարդան հետ: Ես ուզում եմ շեշտել, որ այդ գործն ընդհանրապես կապ չուներ այն բանի հետ, որ ռեժիմը ուզում է ձերբազատվել կամ արմատախիլ անել ընտրակաշառք կոչվող վատ երևույթը: Ընտրակաշառքի փաստի առիթով գործ հարուցելը ուղղակիորեն կապված էր Վարդան Ղուկասյանին մեսիջներ ուղարկելու հետ: Ղուկասյան Վարդանին նախազգուշացրեցին` եթե դու առաջադրվես , մենք ընտրակաշառք բաժանելու գործի ուղղությունը կբերենք քո կողմ: Դրանից հետո գործը քնեցվեց, նորից վերականդանցվեց ճիշտ այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը փորձեց ինքնուրույն խաղ խաղալ կամ փորձեց իմիտացիա անել, որ ինքը ինքնուրույն դեմք է, և կփորձի ընդդիմանալ  Սերժ Սարգսյանին: Միայն այդ ժամանակ այս քրեական գործը նորից վերկանդանացրեցին: Եվ այս միամիտ մարդը, որին բռնել կամ գործ էին հարուցել , ընդամենը մարդ էր, որը անիմաստ տեղը պիտի գնար գաղութ: Մեղք են շարքային գործիչները, որոնց կեղտոտ խաղի մեջ են ներքաշում: Ամենասարսափելին այն է , որ ռեժիմը ներքաշում է սովորական մարդկանց, ինտելիգենտ մարդկանց,  ինչքան հասկացա այս կինը ինտելիգենցիայի  ներկայացուցիչ է, որին մտցնելով խաղերի մեջ, դարձնում են հանցագործ: Նորից եմ կրկնում` շատ ուրախ եմ, որ ազատ են արձակել նրան, քանի որ գործը պիտի հարուցվեր ամենաբարձր  ղեկավարության վրա»:

Մեր այն դիտարկմանը, որ տիկնոջը պայմականորեն են ազատ արձակել, նրան  3 տարվա ազատազրկման դատապարտելով` միաժամանակ հսկողության  տակ են վերցրել վարքը, Վահան Խաչատրյանն այսպես արձագանքեց. « Սկսած առաջին դեմքից` ամենաբարձր պաշտոնյաների  վարքը պետք է հսկողության տակ վերցվի, ինչը ցավոք չի արվում, որովհետև ստեղծվել է մոնոպոլ կառույց, և հակակշիռներ չկան, մինչդեռ շատ ցանկալի կլիներ հսկել բոլորի վարքը»,- ասում է ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031