Այսօր Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ եւ Թով Բոյաջյան ցուցասրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր «Արեգնազ» կրթահամալիրի 20-ամյակին: Ներկայացված էին առաջինից մինչեւ 12-րդ դասարանցիների աշխատանքները:
Դպրոցի տնօրեն Ծովինար Արեգնազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այժմ դպրոցում սովորում է 302 աշակերտ: Մեծ մասը մտավորականների երեխաներ են: Դպրոցը վճարովի է` մասնավոր: Արեգնազյանն անցած տարիները գնահատում է դրական, թեեւ դրանք շատ դժվար են եղել: Իր խոսքով` «Արեգնազ» կրթահամալիրը ստեղծվել է որպես էքսպերիմենտալ դպրոց եւ ունի հատուկ ուղղվածություն: Դա ենթադրում է, որ առաջինից մինչեւ վերջին դասարանի երեխաները պետք է նկարեն, քանդակեն, պարեն, երգեն:
«Մենք պրոֆեսիոնալ արվեստագետներ չենք պատրաստում: Մեր նպատակն այն է, որ երեխաները լինեն զարգացած, հարոմնիկ ու խելացի, իսկ ապագայում լինեն ազատ մարդիկ, ունենան սեփական ճաշակը»,- ասում է տնօրենը:
Նկարչուհի, քանդակագործ Գոհար Թումասյանը «Արեգնազ» կրթահամալիրում դասավանդում է կերպարվեստ: Ասում է, որ արվեստը պետք է չանտասվի: Եթե մարդիկ հոգեւոր կրթություն չեն ստանում, ապա բարոյապես թերի են լինում. «Մեր դպրոցը մի փոքրիկ օազիս է նրանց համար, ովքեր ցանկանում են հայեցի դաստիարակվել»:
Անգելինա Բորիվաեւան սովորում է «Արեգնազ» դպրոցի 8-րդ դասարանում: Այս ցուցահանդեսին ներկայացված էին նրա երկու աշխատանքները: Մոտ մեկ ու կես տարի է զբաղվում նկարչությամբ, բայց արդեն որոշել է` դառնալու է նկարչուհի:
«Այն դպրոցը, որտեղ սովորում եմ շատ եմ սիրում»,- ասում է Անգելինան:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ